Բաժիններ՝

«Երբ տեսնում եք, որ Ձմեռ պապիկը ձեզանից շատ բաներ է ուզում ճշտել, մի օգտվեք դրանցից». Սամվել Մարտիրոսյանի խորհուրդները

Ամփոփելով անցնող տարվա ընթացքում տեղեկատվության անվտանգության ոլորտում գրանցած հայաստանյան հաղթանակները, ձեռքբերումները, բացերը, վտանգներն ու սպասելիքները, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև հայկական իրականության մեջ լուրջ սպառնալիք դարձած ինֆորմացիոն ապատեղեկատվության խնդրին և դրա դեմ պայքարի մեթոդներին:

Արձանագրելով, որ մեր ազգը ցույց է տվել ապատեղեկատվության դեմ կուռ կերպով համախմբվելու և պայքարելու լավ օրինակներ, այնուամենայնիվ, տարածված փորձը ցույց է տալիս նաև, որ դա լինում է երկրի համար կրիտիկական պահերին և նույնքան կարճաժամկետ. «Բավական է իրավիճակը մի փոքր թեթևանա, և մարդիկ իրենց նորից տալիս են ապատեղեկատվության հոսքին և հաճույքով սկսում տարածել այդ ամենը: Մյուս կողմից՝ սա գլոբալ երևույթ է, և չկա մի հասարակություն, որն այսօր զերծ լինի այս խնդրից: Մեզնում երևույթը մի պատճառ ունի՝ հանրության հետ այս ուղղությամբ աշխատանքներ երբեք չեն տարվել, հատկապես այն ֆոնին, երբ կան երկրներ, որտեղ տեղեկատվությունը ապատեղեկատվությունից տարբերելու համար տարիներ շարունակ դպրոցներում մեդիագրագիտություն է դասավանդվում»:

Ըստ բանախոսի՝ այս տեսանկյունից մեր հասարակությունը շատ ավելի խոցելի է դառնում, որովհետև չափից դուրս վստահում է այն ամենին, ինչ իրենց «պատմում» են մեդիաները, ընդ որում՝ առանց տարբերակելու, թե ո՞ր մեդիայից է տարածվում ինֆորմացիան.

«Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց համար կարևոր չի, թե ինքը որ մեդիայից է օգտվում, ինչը շատ վտանգավոր միտում է, որը և նշանակում է, որ մարդը չի տարբերակում աղբյուրները՝ ամենաբարենպաստ պայմանները ստեղծելով ապատեղեկատվություն տարածողների համար»:

Կարդացեք նաև

Տեղեկատվական անվտանգության տեսակետից խոցելի հասարակությանը Ս. Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս. «Սպառողի տեսանկյունից՝ պետք է մշտապես ֆիքսել ինֆորմացիայի աղբյուրը, որից մենք ստանում ենք այս կամ այն ինֆորմացիան: Սա շատ դեպքերում թույլ կտա ազատվել տեղեկատվական աղբից: Պաշտպանվելու տեսանկյունից հիմնական ամենատարածված խնդիրը, որը հանգեցնում է մարդկանց հաշիվների և գումարային կորստին, դրանց պաշտպանությունն է, որը ենթադրում է՝ գաղտնաբառերը պետք է լինեն բարդ, դժվարվերծանելի, և կարևորը՝ չկրկնվող: Պետք չէ նաև որևէ կերպով արձագանքել անծանոթ օգտատերերից եկած հաղորդագրություններին, որովհետև այս տարվա ընթացքում օգտատերերին ամենամեծ թվով վնաս հասցրած վիրուսի տարածված տարբերակը հենց դա է եղել»:

Անդրադառնալով համացանցում լայն տարածում գտած խաղ-հավելվածներին՝ Սամվել Մարտիրոսյանը կատակում է. «Դրանք կարող են նաև անվնաս լինել, որովհետև պարտադիր պայման չէ, որ դրանք բոլորը նենգ նպատակների համար են ստեղծվում, բայց այստեղ ևս պետք է ուշադիր լինել: Ֆեյսբուքը այս դեպքերի համար ստեղծել է մինիմալ անվտանգության երաշխիքներ: Երբ դուք ակտիվացնում եք «Ի՞նչ է Ձմեռ պապիկը նվիրելու ինձ», կամ «Ի՞նչ տիպի մանդարին եմ ես» հավելվածները, Ֆեյսբուքը հարցնում է, թե ո՞ր տվյալներն է ձեզանից ստանալու և ի՞նչ իրավունք կունենա անելու դրանից հետո ձեր պրոֆիլի հետ: Պարզապես պետք է շատ ուշադիր լինել այդ հարցերը կարդալիս, իսկ երբ տեսնում եք, որ Ձմեռ պապիկը ձեզանից շատ բաներ է ուզում ճշտել, պարզապես մի օգտվեք դրանցից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս