Բաժիններ՝

«Այս օրենքի ընդունումից մեր բոլոր պաշտոնյաներն արդար ու թևերն ամպոտ չեն լինելու». Գագիկ Ջհանգիրյան

«Տպավորություն է ստեղծվում, թե հենց այս օրենքը մտավ ուժի մեջ, ամեն ինչ ավարտվեց, որևէ պաշտոնյա կաշառք չի վերցնելու, պաշտոնը չի չարաշահելու, բյուջեն չեն թալանելու, գողանալու. այդպես չէ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն սահմանելուն։

«Այս ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան ապօրինի հարստացման մասին, իմ կարծիքով, ընդունվել է պոստսովետական երկրների համար, նախատեսելով լրացուցիչ քրեական պատասխանատվություն ապօրինի հարստացման համար, քանի որ, ըստ ավանդույթի, պաշտոնատար անձանց նկատմամբ մեր Քրեական օրենսգրքի բազմաթիվ  հոդվածներ կամ ընդհանրապես չեն կիրառվել, կամ խիստ ընտրողական ու խնդրական են կիրառվում։ Դրա համար էլ մեր երկրում անցած 20-25 տարիների փորձը ցույց է տալիս, որ որևէ մեծ կապիտալ, ունեցվածք, բիզնես միշտ ուղեկցվել է պետական համապատասխան պաշտոն ունենալու հետ, կամ այդ պաշտոնի հովանավորման հետ, և մենք ունենք  այն, ինչ ունենք»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը։

Նա նկատեց, որ այդ կոնվենցիան ՀՀ-ն վավերացրել է 2007 թվականին, բայց այս օրենքը բերում են 2016 թվականին, ինչը, Գ. Ջհանգիրյանի դիտարկմամբ, նշանակում է, որ սա համակարգային լուրջ դիմադրության արժանացող նախագիծ է. «Հեշտ չէ նման նախագիծ անցկացնել մի իշխանության մեջ, որով հենց այդ իշխանության կրողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այս կողմից լավ է, բայց մյուս կողմից էլ շատ վատ է, որ մենք ուշացել ենք։ Տպավորություն է ստեղծվում, թե հենց սա մտավ ուժի մեջ, ամեն ինչ ավարտվեց, որևէ պաշտոնյա կաշառք չի վերցնելու, պաշտոնը չի չարաշահելու, բյուջեն չեն թալանելու, գողանալու, այդպես չէ։ Այս քրեական պատասխանատվություն նախատեսող նոր տեսակի հետ չի կարելի նման հույսեր կապել»։

Գ. Ջհանգիրյանն ասաց, որ ընդհանրապես կարելի է կողմ լինել նախագծին. «Բայց մեր խնդիրը երբեք օրենսդրությունը չէ, ՀՀ-ի այս վիճակը  կապված չէ օրենսդրական դաշտի անկատարության հետ, մեր խնդիրն օրենքի կիրառման մեջ է։ Այսպես ներկայացնել, թե հենց այս օրենքն ընդունեցինք, մեր բոլոր պաշտոնյաներն արդար ու թևերն ամպոտ են լինելու, այդպես չի լինելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս