Ամանորին ընդառաջ դրամը արժեզրկվում է. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մեր ֆինանսական շուկայում վերջին օրերին նկատվում է դրամի արժեզրկման տեմպի արագացում, ինչը չի տեղավորվում անցած տարիներին ձեւավորված տրամաբանության մեջ: Ըստ այդ տրամաբանության՝ հիմա դրամը պետք է արժեվորվեր:
Երեկ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով մեկ դոլարի գինը կազմել է 484.8 դրամ այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ 480.7 դրամ էր: Փաստորեն մեկ շաբաթվա մեջ դրամը արժեզրկվել է մոտ 1 տոկոսով: Անցած տարիներին, եթե չհաշվենք 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերյան ցնցումները, այս շրջանում դրամը կամ կայուն էր, կամ նույնիսկ արժեվորվում էր:
Խնդիրն այն է, որ հիմա բնակչությունը ամանորյա գնումներ կատարելու համար պահուստներից հանում է կանխիկ արտարժույթը ու բերում շուկա, ինչը պետք է հանգեցներ դրամի արժեվորման: Իսկ դրամի արժեզրկումը նշանակում է, որ շուկայում կա արտարժույթի պակաս: Թե որն է դրա պատճառը, առայժմ դժվար է ասել, քանի որ ԿԲ-ն չի հրապարակում շուկայում մասնավորապես իր մասնակցության վերաբերյալ օպերատիվ ցուցանիշներ:
Բացառված չէ, որ ԿԲ-ն շուկայից մեծ ծավալով արտարժույթ է գնում, ասենք, արտաքին ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով: Մյուս տարբերակն այն է, որ շուկայում խաղում են այլ «դոլար հավաքողներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: