«Մենք չենք լինելու աշխարհաքաղաքական ինչ-որ կենտրոնամետ ուժ և չենք լինելու այդ կենտրոններից որևէ մեկին հակա». Նիկոլ Փաշինյանը՝ իրենց դաշինքի մասին

Այսօր «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե կա՞ն ուժեր, որոնց հետ համագործակցելու հնարավորություն տեսնում են այդ երեք ուժերը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, որ հնարավոր է, որ ուրիշ ուժերի հետ էլ համագործակցեն, բայց այս պահին չի կարող անուններ տալ. «Հիմա այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև քաղաքական գործընթաց է տեղի ունենում։ Չեմ ուզում որոշ կուսակցությունների վարկաբեկել՝ ասելով, որ իրենց հետ չենք համագործակցելու»։

Հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին քաղաքական ծրագրի «ոչ-ոչ» սկզբունքը շարունակո՞ւմ է իրենց համար գերակա մնալ՝ Ս. Միքայելյանը պատասխանեց, որ իրենք մնում են նույն կարծիքին։

Նույն կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ քանի որ 3 տարբեր կուսակցություններ են, բնական է, որ ունեն ծրագրային դրույթների որոշակի տարբերություններ, և իրենց խնդիրն ի սկզբանե եղել է, որ իրենք պետք է ամեն ինչ անեն, որ իրենց մոտեցումները, դիրքորոշումները մոտենան, և ոչ թե՝ հեռանան.

«Այդ ամեն ինչն արձանագրված է հուշագրում մի քիչ դիվանագիտական, մի քիչ քաղաքական լեզվով։ Բայց մենք կարող ենք արձանագրել, որ մեր շրջանում կա համաձայնություն հետևյալի մասին, որ, ինչպես հայաստանյան քաղաքական դաշտում ընդունված է ասել, մեր համագործակցությունը մետության և հակաության որևէ դրսևորում չի ունենալու։ Մենք չենք լինելու աշխարհաքաղաքական ինչ-որ կենտրոնամետ ուժ և չենք լինելու այդ կենտրոններից որևէ մեկին հակա։ Մեր ելակետը ՀՀ-ի շահերի գերակայության սկզբունքն է»։

Տեսանյութեր

Լրահոս