Բաժիններ՝

«Անգամ Կլիչկոն պետք է ապշեր Մխիթարյանի նոկաուտից». Միջազգային մամուլն ու վերլուծաբանները՝ Մխիթարյանի խաղի մասին

4 գրեթե ամբողջական հանդիպում և 4 անգամ՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծես  թե ամբողջովին վերագտել է իր խաղը և, ինչպես ենթադրվում էր, դառնում է մանչեսթերյան ակումբի առաջատար ֆուտբոլիստներից մեկը:

Երեկ կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» խաղի ժամանակ հայ ֆուտբոլիստն աչքի ընկավ շատ ակտիվ գործողություններով, որի ընթացքում դարձավ մանչեսթերյան ակումբի հաղթական գոլի հեղինակը, ստացավ դեղին քարտ և, ցավալի վնասվածքի պատճառով, խաղավարտին լքեց խաղադաշտը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ, և նա ամբողջովին կվերականգնվի 2 շաբաթից:

Հայ կիսապաշտպանի խաղը տպավորել էր ոչ միայն թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, այլև մի շարք ֆուտբոլային փորձագետների և լրագրողների:

Կարդացեք նաև

Goal.com-ն ինչպես միշտ գնահատել է ֆուտբոլիստների խաղը: Մխիթարյանը ստացել է ամենաբարձր միավորները՝ 4: Ըստ պարբերականի՝ իրավիճակը սրանում էր և վտանգավոր էր դառնում, երբ գնդակով Մխիթարյանն էր:

«Թիմում պետք է հույս ունենան, որ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ: Երբ նա վերադառնա, կլինի  հիմնական կազմի ամենահավանական թեկնածուն»,- գրում է պարբերականը:

Պարբերականը Մխիթարյանի կարիերայի այս փուլն անվանել է «մերժվածից՝ մինչև անփոխարինելին»՝ նշելով, որ անգամ խաղին ներկա հայտնի բռնցքամարտիկ Կլիչկոն պետք է ապշած լինի Մխիթարյանի նոկաուտից:

Manchester Evening News-ը ևս Մխիթարյանի խաղը գնահատել է ամենաբարձրը՝ նշելով, որ Հենրիխի գոլը պարզապես ֆանտաստիկ էր: Պարբերականը շտապել է ուրախացնել երկրպագուներին՝ նշելով, որ Մխիթարյանի վնասվածքն ավելի թեթև է, քան կարելի էր պատկերացնել նման իրավիճակում:

Mirror պարբերականը ճակատագրի հեգնանք է համարում այն, որ Մխիթարյանի՝  «Օլդ Թրաֆորդում» գոլ խփելու երազանքի իրականացումից հետո նրան խաղադաշտից հանեցին պատգարակի վրա: Պարբերականն իր երկրպագուներին հարց է ուղղում, թե արդյո՞ք հնարավոր է 2 ամիս ապաքինվելուց հետո միանգամից նման ֆուտբոլ խաղալ, և շտապում է պատասխանել, որ, այո, հնարավոր է: Համոզվելու համար պետք է հետևել Մխիթարյանի օրինակին:

Telegraph-ն էլ  նշել է, որ Զլատան Իբրահիմովիչն իրեն ավելի երջանիկ է զգում՝ խաղալով Հենրիխի կողքին:

Նշենք, որ  վերը նշված բոլոր պարբերականներում Մխիթարյանը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանի խաղին անդրադարձել են նաև մի շարք հայտնի ֆուտբոլային վերլուծաբաններ:

«Sky Sports»-ի վերլուծաբան, անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերը նշել է, որ Մխիթարյանի անհաջողությունները կապված էին ոչ միայն նրա վնասվածքների, այլև այլ մարզիչների հետ աշխատելու հետ: Ըստ Կարագերի՝ Մոուրինիոն գտել է ճիշտ եղանակը Մխիթարյանին մարզելու և մոտիվացնելու համար:

Առաջին խաղակեսի ավարտին MUTV-ի ուղիղ եթերում Մխիթարյանի խաղի մասին խոսել է նաև անգլիացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Ռոն Ատկինսոնը:

«Չնայած Հուգո Լյորիսը բարձրակարգ դարպասապահ է,  նման հարվածը հետ մղելն ամենևին հեշտ չէ: Մխիթարյանը պարզապես հրաշալի հարվածեց: Կարծում եմ, նվազագույնը 5 դարպասապահ էր պետք այդ հարվածը հետ մղելու համար»,- նշել է վերլուծաբանը:

Գարի Նևիլը, ով համարվում է լեգենդար ֆուտբոլիստ մանչեսթերյան ակումբի համար, նշել է, որ թիմի խաղում վերադարձել է արագությունը:

«Հիմա արդեն ես հավանում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը, ես հավանում եմ Մխիթարյանի խաղը: Թիմը հիմա ավելի արագ և վստահ է»,- նշել է Նևիլը:

Իսկ «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնափը  նշել է, որ տեսնելով Մխիթարյանի խաղը՝ կարծում է, որ Մխիթարյանը չուներ Պրեմիեր լիգայում հարմարվելու խնդիր, և նա հրաշալի կխաղար, եթե անգամ ավելի շուտ վերադառնար խաղադաշտ:

«Եթե նա ավելի շուտ խաղար,  «Յունայթեդի» ակտիվում 6-7 միավոր ավելի կլիներ: Նա նման է Ֆիլիպե Կոուտինիոյին և Մեզուտ Օզիլին: Նա գտնում է ելքեր, որոնք չեն տեսնում մյուսները: Անիմաստ էր նրան այդքան երկար խաղալու հնարավորություն չտալը»,- ասել է Ռեդնափը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս