«Եթե Հայաստանի և Ադրբեջանի նախարարները հանդիպեն Համբուրգում, հնարավորություն կստեղծվի քննարկել մեխանիզմների ներդրման հարցը». լեհ վերլուծաբան

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անում են առավելագույնը, ինչ կարող են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ գնահատելով ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ավարտը և ԵԱՀԿ ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Զաշտովտն ասաց, որ ԵԱՀԿ գլխավոր ուղղություններից մեկն աշխատանքն է հակամարտության գոտիներում։ Այս առումով, նրա գնահատմամբ՝ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բավականին ակտիվ և նախաձեռնողական քաղաքականություն վարեց՝ հաճախակի այցեր  հակամարտ գոտիներ, նոր նախաձեռնությունների առաջմղում, որոնք միտված էին Եվրոպայի անվտանգության ամրապնդմանը։ «Սակայն պետք է քննարկել, թե միջավայրը որքանով թույլ տվեց, որպեսզի այդ քայլերն արդյունավետ դառնան, կարծում եմ՝ միջավայրն այդքան էլ բարենպաստ չէր։ Կարևոր է, որ այսօր ԵԱՀԿ պաշտոնյաները շատ ավելի հաճախ են խոսում անվտանգության ամրապնդման մասին, ինչը ժամանակի ընթացքում կվերածվի քայլերի, ինչպես ՆԱՏՕ-ի բազմազգ զորամիավորումներ ստեղծելու որոշումն էր»,- ասաց Զաշտովտը։

Խոսելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ ԵԱՀԿ ջանքերից՝ լեհ վերլուծաբանը բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ապրիլյան պատերազմից հետո։

«Չնայած այդ քայլերը հաջորդեցին պատերազմին, այնուամենայնիվ ԵԱՀԿ-ն կարողացավ շուտափույթ արձագանքել զարգացումներին՝ կազմակերպելով հանդիպումներ, կողմերին ներկայացնելով առաջարկներ, որոնք կխաղաղեցնեին իրավիճակը շփման գծում, կատարելով այցեր տարածաշրջան։

Այլ հարց է, որ կողմերից մեկը չընդունեց այդ առաջարկները, որը կրկին բանակցային գործընթացը մղեց փակուղի։ Այնուամենայնիվ, այդ առաջարկներից հրապարակային հրաժարում տեղի չի ունեցել, և, ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահները փորձում են վերջնականապես մշակել շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը, որը կրկին կողմերին կներկայացվի, երբ նրանք որոշում կայացնեն հանդիպել»,- ասաց Զաշտովտը։

Վերջինիս կարծիքով՝ սրանք առավելագույն միջոցներն են, ինչ միջնորդները կարող են ձեռնարկել։ Զաշտովտի վստահեցմամբ՝ նրանք կողմերին պարտադրման հնարավորություն չունեն։ Անդրադառնալով Համբուրգում ՀՀ ԱԳ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությանը՝ լեհ քաղաքագետն ասաց, որ հանդիպումը դրական կանդրադառնա բանակցային գործընթացի վրա։

«Եթե նախարարները հանդիպեն, բնականաբար, հնարավորություն կստեղծվի քննարկել մեխանիզմների հարցը։ Եթե չհանդիպեն, կարելի է ենթադրել, որ այս հարցում լուրջ անհամաձայնություն կա,  և հենց այս հարցն է բանակցային գործընթացը մղել փակուղի»,- ասաց Զաշտովտը։

Տեսանյութեր

Լրահոս