ԱԺ-ն ընդունեց 2017 թվականի պետական բյուջեն. ընդդիմադիրների մեծ մասը դեմ քվեարկեց

Այսօր Ազգային ժողովն ընդունեց  ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը՝ կողմ՝ 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ։ Քվեարկությունից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին.

«2017 թվականի պետական բյուջեն ոչ մի սանտիմետր առաջ քայլ չէ, հակառակը՝  նա շարունակում է ՀՆԱ-ի կրճատման քաղաքականությունը։ Թունելի վերջում լույս չկա, իսկ սա  մենք համարել ենք ծրագրերի հետաձգման բյուջե։ Մենք չենք կարող կիսել այդ բյուջեի կատարման քաղաքական պատասխանատվությունը»։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց, որ կարծում է՝ բոլորն  այնպես չեն մտածում, ինչպես Մ. Մելքումյանը։

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց, որ կառավարությունն ամբողջական կազմով չէր մասնակցում իրենց իսկ բերած բյուջեի քննարկումներին. «Իսկ վարչապետ Կարապետյանը, ինչպես ինքն ասաց, գտնվում էր Եվրասիական ակումբի ֆորմատի միջոցառմանը, ուստի, վերաբերմունքը ծնում է վերաբերմունք։ Առաջարկում եմ դրայվով դեմ քվեարկել այս բյուջեին, որովհետև այն չի արտահայտում ՀՀ քաղաքացիների բարեկեցությանն  ուղղված քաղաքական դիրքորոշումը»։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այս բյուջեին. «Սա գրավոր ապացույց է այն մասին, որ այս կառավարությունը խոստովանում է, որ ի վիճակի չէ զարգացնել երկիրը»։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հորդորեց  առաջիկա ընտրություններին շատ ուժեղ պայքարել՝ փոխելու 25  տարվա քաղաքական ուժին. «2017 թվականի բյուջեի հետ կապված ոչ մի միլիմետր առաջ չենք գնացել։ Ոչինչ չի փոխվել։ Որևէ առաջխաղացում չկա»։

«Ընտրությունների ընթացքում անհրաժեշտ է շահել, ոչ թե ուժերին փոխել, հենց շահեցիք, ամեն ինչ տեղը կընկնի, բայց ոնց տեսնում եմ, շահելու խնդիրներն այսօր այսպես է, վաղն այնպես է, հարկավոր է մտածել ընտրությունների մասին»,- արձագանքեց Գ. Սահակյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս