«Ես չգիտեմ մի վարչապետ, որին ասեն՝ դու կոռուպցիայի դեմ պայքարելո՞ւ ես, ասի՝ չէ, չեմ պայքարելու». Կարեն Կարապետյան
«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին բոլորս խոսում ենք։ Ես չգիտեմ մի վարչապետ, որին ասեն՝ դու կոռուպցիայի դեմ պայքարելո՞ւ ես, ասի՝ չէ, չեմ պայքարելու, անտրամաբանական է։ Ո՞նց եմ ես պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարելու ամենաէֆեկտիվ ճանապարհը։ N+1 հակակոռուպցիոն կառույցը ստեղծելով՝ կոռուպցիան կվերանա՞։ Չեմ կարծում՝ եթե միջավայրը մենք չփոխենք»,- այսօր ՀԲԸՄ կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Ըստ նրա՝ միջավայրը փոխելու համար պետք է մաքսիմալ արդար դաշտ ստեղծել, բոլոր գործառույթները՝ գնումներ, վարկային և այլ, թափանցիկ դարձնել, և դա ամենալավ պայքարն է կոռուպցիայի դեմ։
Կառավարության անդամների բիզնես սեփականատեր լինելը հատկապես այն ոլորտում, որն իրենք են համակարգում, ըստ վարչապետի, բավականին բարդ հարց է։ Ըստ նրա՝ պարզ է, որ, ի վերջո, պետական ծառայողի դեպքում պետք է դա բացառվի, որովհետև այդտեղ կա որոշակի շահերի բախում, բայց պետական ծառայողի վարձատրությունն այսօր այնպիսին է, որ լավ մասնագետին հրավիրելը բավականին բարդ է։ Կառավարության իր հրավիրած անդամների «մաքրության» վերաբերյալ Կ.Կարապետյանը վստահություն հայտնեց՝ ասելով, որ նրանք պետական ատյանը չեն օգտագործելու իրենց շահի համար. «Ինձ պետք է մարդ գա, որ աչքը աջուձախ, ժողովրդական լեզվով ասած, չգցի»։
Հարցին, թե արդյոք վարչապետը լա՞վ է տեղեկացված բիզնեսներից, Կ.Կարապետյանը պատասխանեց՝ «Դուք կարծում եք ես ամենավատ ինֆորմացվա՞ծն եմ Ձեր բոլորի մեջ»։
Անդրադառնալով դատաիրավական համակարգին՝ Կ.Կարապետյանը նշեց, որ այդտեղ պետք է իրականացնեն բարեփոխումներ, բայց թե ինչքան շուտ դա կանեն, նա դժվարացավ ասել։
Ըստ նրա՝ Հայաստանը ֆանտաստիկ պոտենցիալ ունի, որից ամենամեծը մարդն է։ Կ.Կարապետյանը կարևորեց կառավարման գործընթացի մեջ սփյուռքահայերի մասնակցությունը և նոր մշակույթ բերելը և օրինակ բերեց սիրիահայերին, որոնց հայրենիք գալով սպասարկման ոլորտում նոր մշակույթ է ձևավորվել։
«Մենք նոր արյան, մշակույթի անհրաժեշտություն ունենք»,- ասաց Կ.Կարապետյանը։