«Ասել են՝ եթե դուք դեմ եք, մենք կգանք Ոստիկանությունով դուռը կկոտրենք». Գյումրու թիվ 38 դպրոցի ուսուցիչները դեմ են տնօրենի նոր պաշտոնակատարին
Գյումրու թիվ 38 դպրոցում դասերը նորմալ ընթանում են, թեպետ դպրոցի կոլեկտիվը շարունակում է դեմ լինել տնօրենի նոր պաշտոնակատար, թիվ 42 դպրոցի փոխտնօրեն Արփինե Նիկողոսյանին նշանակմանը։
Հիշեցնենք, որ թիվ 38 դպրոցի տնօրեն Գոհար Շահբազյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում է նշանակել մեկ այլ դպրոցի փոխտնօրեն Արփինե Նիկողոսյանին, ինչը թիվ 38 դպրոցի կոլեկտիվի զայրույթն ու ըմբոստությունն է առաջացրել։
Մի քանի օր է՝ ուսուցիչները բողոքի ակցիաներ են անցկացնում դպրոցի դիմաց՝ Շիրակի մարզպետի դեմ։ Դպրոցի կոլեկտիվը դիմել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նախազգուշացնելով, որ, եթե մարզում իրենց ձայնը լսող չլինի, ու հարցը լուծում չստանա, կգնան Երևան՝ կրթության նախարարից ու վարչապետից պարզաբանում պահանջելու։
168.am-ի հետ զրույցում դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արմինե Խաչատրյանը նշեց, որ իրենք շարունակում են դեմ լինել մարզպետի այս որոշմանը, քանի որ կարծում են՝ իրենց դպրոցը չպետք է լինի բացառություն։ Նրա խոսքով՝ ըստ գործող կարգի՝ կարելի էր իրենց դպրոցի տնօրենին նշանակել տնօրենի պաշտոնակատար, բայց չի արվել, որովհետև հաշվի են առել տնօրենի կուսակցական պատկանելությունը։
«Ամբողջ կոլեկտիվը դեմ է նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը՝ ոչ որպես անձի կամ անհատի, այլ նրա համար, որ, եթե բոլոր դպրոցներում այդ կարգը գործում է, ինչո՞ւ հենց մեր դպրոցում չի գործում։ Մենք գտնում ենք, որ այստեղ կոնկրետ ուղղվածությունը մեր նախկին տնօրենի կուսակցական լինելն է։ Մեր դպրոցի տնօրենը «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ է»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց նախկին տնօրենը փորձել է մի քանի անգամ մտնել մարզպետի մոտ, սակայն մարզպետը նրան չի ընդունել, ոչ էլ պատասխանել է նրա դիմումին։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե ուսուցիչների նկատմամբ ճնշումներ կան Ոստիկանությունից և Դատախազությունից՝ Ա. Խաչատրյանն ասաց. «Կոնկրետ այս պահի դրությամբ ոչ մի ճնշում չկա ուսուցիչների նկատմամբ, պարզապես ասել են, որ, եթե դուք դեմ եք, մենք կգանք Ոստիկանությունով դուռը կկոտրենք, նման խոսակցություն է եղել, բայց այս պահի դրությամբ դեռ ոչ մի ճնշում չկա»։
Մեր այն հարցին, թե՝ որո՞նք են լինելու ձեր հետագա գործողությունները՝ ուսուցչուհին այսպես պատասխանեց. «Մենք չենք կարող գուշակություններ անել, թե իրենք ինչ քայլեր են անում, առայժմ մեր ասածն այն է, որ մենք չենք ուզում, դեմ ենք այդ որոշմանը։ Մեր դպրոցում դասերը նորմալ ընթանում են, ունենք երկու փոխտնօրեն դպրոցում, մենք նորմալ, ըստ կարգի՝ պարապում ենք դասերը, բոլորի մուտքը դպրոցում նորմալ կա, նույնիսկ մարզպետարանի և Կրթության վարչության աշխատակիցների, մենք չենք ուզում, որ ժամանակավոր պաշտոնակատարը մտնի դպրոց։ Նա միայն առաջին օրն է եկել, դրանից հետո դպրոց չի եկել, եթե գա, մեր կոլեկտիվը խիստ դեմ է»։