«Կապիշոնով» կասկածելի դեմքով տատիկներ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերոջ սպանության գործով հերթական դատական նիստը:

Դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակեց ուսումնասիրել դեպքի օրը գործով երեք ամբաստանյալի շարժը «արձանագրած» տեսագրությունները: Խոսքը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանում գտնվող տարբեր օբյեկտներից առգրավված տեսախցիկների արձանագրություններին: Դրանք հետազոտվեցին դատական նիստերի քարտուղարուհու համակարգչով: Գործով ամբաստանյալներին տեսագրություններում ոչ միայն «չհայտնաբերեց» պաշտպանական կողմը, այլ նաև գործով մեղադրող դատախազները:

Մասնավորապես, զննության արձանագրություններն ուսումնասիրելիս դատախազը նախ նշում էր, թե որ տեսանյութի որ րոպեում են երևում երեք անձը և նրանց տեղափոխած տաքսի ավտոմեքենան, սակայն դատարանում հրապարակված տեսանյութերից որևէ բան հասկանալի չէր: Մեկ ժամից ավելի տեւած զննությամբ` որևէ դրվագում չերևացին երեք «կապիշոնով» երիտասարդը, առավել ևս` ամբաստանյալներ Գաստիկը, Ծըգլը և Տլեն: Այսինքն՝ քննիչն արձանագրության մեջ նշել էր, որ, ասենք, տվյալ տեսանյութում այսինչ ժամին, այսինչ րոպեին երեք անձ մոտենում են ցայտաղբյուրին, այդ երեք անձը Գաստիկը, Ծգըլն ու Տլեն են:

Բայց տեսանյութի դիտման ընթացքում քննիչի նշած ժամին ու րոպեին երեք անձը ցայտաղբյուրին չեն մոտենում: Անցուդարձ անողները շատ են, բայց ցայտաղբյուրին մոտեցողներ՝ ոչ: Այս կապակցությամբ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց արձանագրել, որ զննության արձանագրությունն իրականությանը չի համապատասխանում: ««Կապիշոնով» կասկածելի դեմքով տատիկներ անցան»,- զննության աձանագրությունն ուսումնասիրելիս կատակում էր պաշտպանական կողմը:

Տեսանյութերի ուսումնասիրությունը նյարդայնացնում էր գործով ամբաստանյալներին և դահլիճում ներկա գտնվող անձանց, քանի որ դրանցում գործին վերաբերող որևէ հանգամանք, ըստ էության, ի հայտ չեկավ: Այս կապակցությամբ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանին՝ Ծըգլին, ասելով. «Ինչո՞ւ եք շտապում, ինչի՞ց եք ուշանում, մեկ է ՝ գնալու եք, խցում նստեք, հեն ա` էստեղ նստած եք, գոնե դատարանում օդը մաքուր է»: Ինչին ի պատասխան Ծըգլն արձագանքեց. «Սենց բաներ տեսնում՝ ներվայնանում եմ: Նստած նայում ենք, թե ով ինչ առևտուր արեց», իսկ Գաստիկն էլ ասաց. «Ձեզ հարգում եմ (նկատի ունի դատավորին,-հեղ.), դրա համար եմ եկել, թե չէ՝ չէի գա»: Դատարանում իր վրդովմունքն արտահայտեց նաև Գաստիկի քեռին և դուրս եկավ դատարանի դահլիճից, ինչից հետո դատավորը հորդորեց նիստերին նյարդայնացող անձանց՝ չգալ դատերին: «Ինձնից շատ, հաստատ, ոչ մեկ չի ներվայնանում»,- նշեց նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս