«Անիմաստ է խոսել կուսակցությունների և քաղաքական համակարգի կայացման մասին, քանի դեռ երկրում չեն անցկացվում նորմալ ընտրություններ». Ստեփան Դեմիրճյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն ընդհանուր առմամբ անընդունելի չի համարում «Կուսակցությունների մասին» ներկայացված օրենքի նախագիծը։
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նա նշեց, որ սկզբունքորեն դեմ չէ ներկայացվող փոփոխությանը, սակայն նկատեց, որ շատ երկրներում պահանջները շատ ավելի մեղմ են. «Պետք է նվազագույնի հասցնել պետական միջամտությունը և վերահսկողությունը, և չառաջադրել այնպիսի պահանջներ, որոնց չիրագործումը կարող է առաջացնել խնդիրներ և հանգեցնել կուսակցությունների գործունեության հարկադիր դադարեցմանը։ Քանի որ «Կուսակցությունների մասին» օրենքը սահմանադրական օրենք է, կարծում եմ, օրենքում հստակ պետք է ամրագրվի, թե ովքեր չեն կարող լինել կուսակցության անդամ, մինչդեռ օրինագծի 17-րդ հոդվածում նշվում է, որ այլ օրենքներով կարող են սահմանվել սահմանափակումներ կուսակցություն հիմնադրելու կամ կուսակցությանն անդամակցելու համար»։
Ըստ պատգամավորի՝ ճիշտ կլինի՝ Զինված ուժերում, Ազգային անվտանգության, Ոստիկանության և այլ ռազմականացած մարմիններում ծառայողների կողմից կուսակցություններ ստեղծելու և որևէ կուսակցության անդամակցելու սահմանափակումներն արձանագրել կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով։
«Ակնհայտ է, որ կուսակցությունների կայացման և անկախ գործունեության իրականացման համար անհրաժեշտ է հնարավորինս ավելացնել բյուջետային ֆինանսավորումը։ Կառավարությունն ակնկալում է, որ այս օրենքի ընդունմամբ կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար և ոչ խտրական պայմաններ։ Սակայն հավասար, ոչ խտրական պայմանների մասին կարելի է խոսել, երբ գործում է ընտրությունների ինստիտուտը, երբ ամբողջ պետական մեքենան չի սպասարկում իշխող ուժի շահերը, երբ չի իրականացվում պարտադիր-կամավոր կուսակցականացում։ Անիմաստ է խոսել կուսակցությունների և քաղաքական համակարգի կայացման մասին, քանի դեռ երկրում չեն անցկացվում նորմալ ընտրություններ»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը։