Բաժիններ՝

«Սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվություն է նկատվում». մասնագետ

Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ Հայաստանում համաճարակ չկա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության մանկական հիվանդությունների ինտեգրացման ազգային ծրագրի ղեկավար Սոնյա Առուշանյանը:

«Նախորդ տարիների համեմատ, այս տարի հիվանդների թվի ավելացում չի նկատվում: Համաճարակի մասին խոսք լինել չի կարող, իրավիճակը վերահսկելի է:  Միայն կարող ենք ասել, որ սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվություն է նկատվում»,-ասաց Սոնյա Առուշանյանը:

Նրա խոսքով՝ ներկայում սուր շնչառական վարակների ակտիվացում նկատվում է երեխաների շրջանում: Պատճառն այն է, որ երեխաները հաճախում են կազմակերպված ուսումնական հաստատություններ: Եթե դասասենյակներում, նախակրթական հաստատություններում մեկ հիվանդ երեխա էլ լինի, ապա նա արդեն վարակի աղբյուր է թե մյուս երեխաների, թե ուսուցիչների, դաստիարակների համար:

«Մեր ժողովրդի մոտ դեռ չկա այն մշակույթը, որ եթե երեխան հիվանդ է, ուրեմն պետք է չհաճախի կազմակերպված հաստատություն: Հիվանդ լինելու դեպքում կազմակերպված հաստատություն հաճախելը խիստ արգելված է: Հիվանդը վարակի աղբյուր է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հիվանդանոցները ծանրաբեռնված են, ապա, ըստ մասնագետի, դա պայմանավորված չէ հիվանդությունների ծանր ընթացքով: Պարզապես հիվանդների մոտ երեկոյան ժամերին բարդացում է նկատվում, իսկ այդ ժամանակ հասանելի են միայն ստացիոնար բուժման հաստատությունները:

«Դրա համար առաջին իսկ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապի մեջ լինել տեղամասային բժշկի հետ: Նա կորոշի, երեխային անհրաժե՞շտ է ստացիոնար բուժում, թե ոչ: Ոչ բոլոր դեպքերում է, որ երեխան շուրջօրյա ստացիոնար բժշկական ծառայության կարիք ունի»,-հավելեց մասնագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս