Բաժիններ՝

«Մարդու իրավունքների նախորդ պաշտպանն ինքն ուներ պաշտպանության կարիք»

«Կարևոր է, որ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնման շրջանակում այս օրենքի ընդունումից հետո՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա ոչ միայն պետական, այլև տեղական ինքնակառավարման մարմիններում և մնացյալ  կազմակեպություններում իր կարծիքը, եզրակացությունը և գործառույթներն իրականացնել»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին նման տեսակետ հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Նա նշեց, որ իրենք 32 պատգամավորներով դիմել են Սահմանադրական դատարան, որովհետև ոտնահարվել է նաև ընտրվելու իրավունքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ըստ նրա՝ այդ տեսանկյունից ճիշտ կլիներ, որ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես  արձագանքեր դրան, բայց մինչ օրս արձագանք չկա։

«Ճիշտ կլինի, որ այդ նորմի հետ կապված նա  ունենա հնարավորություն՝ կարծիք հայտնելու։ Ամենակարևոր երաշխիքը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նրա անկախությունն է, որի հիմնաքարն ընտրությունն է, այսինքն՝ նշանակվո՞ւմ է, թե՞ ընտրվում։ Հիմա՝ գործող օրենսդրությամբ, և մեթոդը, որ կիրառվեց Ազգային ժողովում, ինձ տալիս է  հնարավորություն խոսելու, որ, կարծես թե, նշանակվեց, որովհետև ԱԺ պատգամավորները կարծես թե հնարավորություն չունեցան՝  մրցակցային հիմունքներով մի քանի թեկնածուներից  ընտրեին մեկին»,- նկատեց պատգամավորը։

Հ. Մարգարյանը կարծում է՝ պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի ՄԻՊ-ն Ազգային ժողովում ընտրվի փակ, գաղտնի քվեարկությամբ, որը կլինի «հզոր» երաշխիքը՝ նրա «արդյունավետ, անկախ» գործելու. «Թե չէ, մենք կունենանք նույն պատկերը, և այս փոփոխությունը, որն իր կարևորությունն ունենալու է, կլինի թերի և չի երաշխավորի ՄԻՊ-ի անկախությունը։

Բոլորիս դեռ հայտնի է այն իրավիճակը, որ ստեղծվեց, երբ Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց։ Այսինքն՝ մինչև վերջ մեզ պատճառը հասկանալի չդարձավ, թե ինչն է, որ նոր ընտրված ՄԻՊ-ը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Այս տեսանկյունից՝ մենք գոնե այս նախագծով պետք է կարողանանք  ամուր հիմքեր դնել լիազորությունների, նրա անկախ աշխատանքի, որպեսզի մենք չունենանք  մարդու իրավունքների կիսապաշտպան, ոչ թե հայտնվի այն իրավիճակում, որում հայտնվեց նախորդ պաշտպանը, երբ մի վիճակ էր ստեղծվել, որ Մարդու իրավունքների պաշտպանն ինքն ուներ պաշտպանության կարիք»,- ասաց Հ. Մարգարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս