Բաժիններ՝

«ՄԻՊ-ի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ»

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է  Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ  նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրական փոփոխություններով։ Նա տեղեկացրեց, որ նախագծով  մարդու իրավունքների պաշտպանի վրա  տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության  իրավունքը։

Փոխնախարարի խոսքով՝ ՄԻՊ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցն Ազգային ժողովը որոշում է պատգամավորների ձայների առնվազն երեք հինգերորդով։

«Նշված դրույթն իրացվել է նախագծում, որտեղ սահմանվել են անձեռնմխելիության ապահովման մի շարք երաշխիքներ։ Նախատեսվում է, որ պաշտպանն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պաշտպանի իր կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար։ ՄԻՊ-ի նկատմամբ քրեական հետապնդում, ինչպես նաև դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց կարող է հարուցվել միայն ՀՀ Ազգային ժողովի  համաձայնությամբ։

ՄԻՊ-ը, առանց Ազգային ժողովի համաձայնության, չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից ամիջապես հետո։ Այդ դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել  72 ժամից ավելի։ Պաշտպանին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է ԱԺ նախագահին»,- ներկայացրեց փոխնախարարը։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նախագծի հոդված 6-ով նշված է, որ պաշտպանը նաև Ազգային ժողովում հայտնած կարծիքի և քվեարկության համար չի կարող հետպանդվել, այն դեպքում, երբ  պաշտպանն ԱԺ-ում քվեարկությունների չի մասնակցում.

«Կարծում եմ՝ սա պատգամավորի հետ կապված դրույթն է տեղափոխվել այստեղ։ Երևի պետք է քվեարկության մասը դուրս գա»։ Նա նաև նշեց, որ 10-րդ հոդվածում նշված է, որ պաշտպանին փաստաթղթեր, տեղեկություններ կամ պարզաբանումներ չտրամադրած անձը ենթակա է կարգապահական պատասխանատվության. «Նաև միջազգային փորձը տալիս է մեզ հնարավորություն, որ այս պատասխանատվության հարցը նաև անկախ մարմնում քննարկվի և լուծվի։ Կարծում եմ՝ այստեղ նաև վարչական պատասխանատվություն պետք է նախատեսել, որովհետև հնարավոր է՝ այդ անձի գործողության պատճառով մարդու իրավունքների կոպիտ խախտում տեղի ունեցած լինի։ Կարծում եմ՝ կարգապահական պատասխանատվությունը շատ թույլ է այս առումով»։

Փոխնախարարը համաձայնեց, որ 6-րդ հոդվածի հետ կապված վրիպակ կա, և ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ դա կփոխվի, դուրս կհանվի «կամ քվեարկության ժամանակ» արտահայտությունը։ «10-րդ հոդվածի հետ կապված՝ մենք սպասում ենք նաև մեր միջազգային փորձագետների կարծիքին։ Ինչպես նաև՝ մեկ-երկու օրերի ընթացքում մենք կստանանք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, և այնտեղ ևս քննարկվելու է հենց այս հարցը, թե արդյոք այդ անձը պետք է ենթարկվի վարչակա՞ն, թե՞ կարգապահական պատասխանատվության։ Նախագիծը ենթակա է փոփոխության, սա վերջնական  մոտեցումը չէ»,- նշեց Ա. Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս