Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ ձյան և անձրևի տեսքով. Լ. Վարդանյան
Նոյեմբերի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 312 դեպքի:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց գազալցակայաններում և բենզալցակայաններում իրականացվող ստուգումների ընթացքի մասին՝ ստուգված բոլոր բենզալցակայաններին ուղարկվել են համապատասխան կարգադրագրեր:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ եղանակային կանխատեսումներին: Տնօրենի փոխանցմամբ՝ մինչև նոյեմբերի 30-ը կպահպանվի արդեն գրանցված ջերմաստիճանը, կնկատվի ամպամածություն: Իսկ դեկտեմբերի 1-ին և 2-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ ձյան և անձրևի տեսքով:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ճանապարհների անցանելիության և ուսումնական վարժանքների կազմակերպման մասին։
Վայոց ձորի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը զեկուցեց, որ Շատին համայնքում տարածք է հատկացվել նոր հրշեջ-փրկարարական հենակետ ստեղծելու համար: Հենակետի ստեղծումը մեծ անհրաժեշտություն է, քանի որ հնարավորություն կտա արագ և արդյունավետ սպասարկել նույն գոտում գտնվող ևս 12 համայնք՝ խնայելով և՛ ժամանակ, և՛ ուժեր: Նախատեսվում է շինարարական աշխատանքները սկսել արդեն հաջորդ տարի գարնանը:
Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանն իր զեկույցում կրկին անդրադարձավ հոկտեմբերի 31-ին Սևանա լճում անհետացած երիտասարդներից մեկի որոնողական աշխատանքներին: ՄՓՎ պետը փոխանցեց, որ մարզում եղանակային պայմանները դեռ թույլ են տալիս իրականացնել որոնողական աշխատանքներ, սակայն դեռ անարդյունք: