Բաժիններ՝

Գերմանիայի նախագահը պահանջել է կասեցնել եվրաինտեգրացումը

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եվրաինտեգրացումը առաջ էր շարժվում չափազանց արագ տեմպերով, ինչի արդյունքում «ոչ բոլորն էին հասցնում» Գերմանիայի հետևից։

«Շատերը տառապում են այն գիտակցումից, որ մեր աշխարհը վերածվում է միասնական օրգանիզմի»,- վստահ է քաղաքական գործիչը։

Գաուկը նշել է, որ մարդը, ինչպես նախկինում, «կարիք ունի հայրենիքի» և քչերն են, որ իրենց զգում են «աշխարհի քաղաքացի»։

«Մեզ անհրաժեշտ է դադար վերցնել ու մտածել այն մասին, թե ինչ նպատակներ են մեր առաջ դրված և ինչ տեմպով ենք մենք առաջ շարժվելու»,- հայտարարել է նա։
«Այն, ինչ կարող է արվել ազգային մակարդակում, պետք է այնտեղ մնա»,- ասել է Գերմանիայի նախագահը՝ նշելով, թե ներկայումս ԵՄ-ի հիմնական խնդիրն է դաշինքի ամրապնդումը։

«Մենք պետք է համոզենք մեր երկրների բնակչությանը, որ միասնական Եվրոպան հաստատուն կանգնած է ազատության, ժողովրդավարության, խաղաղության և օրենքի գերակայության արժեքների վրա»,- ասել է նա։

Նա վստահ է, որ եվրոպական միասնության գաղափարը դեռևս ողջ է, սակայն ինտեգրացիոն գործընթացների հետագա արագացումը կարող է խաչ քաշել արևմտյան կիսագնդի ամենահավակնոտ քաղաքական նախագծի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս