«Ալիևը կտրված է ոչ միայն բանակցություններից, այլև միջազգային իրավունքից, կարգավիճակը որոշում է ինքը՝ ժողովուրդը». Շավարշ Քոչարյան

«Ադրբեջանում թերարժեքության բարդույթ կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդմանը, թե ինքնավար հանրապետության կարգավիճակը Ղարաբաղի համար ադրբեջանական կողմից առավելագույն փոխզիջումը կարող է լինել։

Այս հայտարարությունը համադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն դիտարկման հետ, թե ողջունում են, որ Ադրբեջանի նախագահը բացեց կարգավիճակի թեմայի շուրջ քննարկումները, Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ուորլիքի դիտարկման մեջ կա հեգնանք։

«Ասում է, որ՝ տեսեք, նա վերջապես պատրաստ է քննարկել կարգավիճակը, որը մինչ սա չէր ցանկանում։ Սա մի կողմ թողնենք։ Ի՞նչ է նշանակում՝ Ալիևն ասում է կարգավիճակ, Ալիևը կտրված է միջազգային իրավունքից, ոչ միայն բանակցություններից, կարգավիճակը որոշում է ինքը՝ ժողովուրդը։ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը ասում են, որ ցանկացած ժողովուրդ, եթե կամենա, առանց արտաքին միջամտության ինքնուրույն է որոշում իր կարգավիճակը, և այլն։ Այնպես որ, եկեք Ալիևի ասածները՝ կապված պատմության, հակամարտության էության, միջազգային իրավունքի հետ… որքան կարող ենք այդ անհեթեթությունները մեկնաբանել։ Ինձ թվում է՝ այդ երկրում կա թերարժեքություն, որն արտահայտվում է տարբեր ոլորտներում»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

Հարցին, թե ի՞նչ էր ենթադրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը, Շ. Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի ԼՂՀ-ի հետ։ «Իմաստը դա է»,- ընդգծեց բանախոսը։

Տեսանյութեր

Լրահոս