«Ամեն ինչ կախված է նրանից, թե Կովկասում ինչ քաղաքականություն կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը». Ստյոպա Սաֆարյան
«ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահները, ի տարբերություն ֆրանսիացի և անգամ՝ ռուս համանախագահների, ավելի ակտիվ են լինում: Իսկ Ուորլիքը բոլոր ռեկորդները գերազանցեց՝ որպես ակտիվ համանախագահ: Թեպետ խոսվում է առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք նախագահների հանդիպման մասին, բայց դա էլ չկապենք համանախագահի փոփոխության հետ: Այս կտրվածքով՝ ավելի լուրջ խնդիր է ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները, քան որևէ համանախագահի փոփոխությունը: Սակայն համանախագահները, իրենց անձնական հայտարարություններով, չափազանց լուրջ կառավարում են կոնֆլիկտը, դա անխոս է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների փոփոխությանը՝ նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Ֆրանսիան փոխել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին։ Ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյին փոխարինել էր Ստեֆան Վիսկոնտին:
Իսկ այսօր պարզ դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից։ Այս մասին անձամբ հայտնել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա նշել է, որ որպես համանախագահ՝ ավարտում է իր առաքելությունը դեկտեմբերի 31-ին։ «Ինձ համար պատիվ էր ծառայել Պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի»,- գրել է ամերիկացի դիվանագետը՝ գրառմանը կցելով #Nkpeace հեշթեգը։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցությունն իշխանությունը հանձնում է Հանրապետական կուսակցությանը. «Պետք է ենթադրել, որ ավելի շատ Հանրապետական կուսակցության քաղաքականությանը հարող պաշտոնյա Պետքարտուղարությունից կնշանակվի այդ պաշտոնին: Իհարկե, ԱՄՆ-ի դիվանագիտական կորպուսն ապակուսակցականացված է, բայց հաշվի առնելով նման խնդիրների կարևորությունը՝ տարածաշրջանային անվտանգության խնդիրների, ԱՄՆ-ի ունեցած շահերի և ՌԴ-ի հետ հարաբերությունների կտրվածքով, ես կարող եմ ենթադրել, որ նախապատվությունն ավելի շատ կտրվի Հանրապետական կուսակցությանը հարող համանախագահին: Թե ինչ կլինի այդ դեպքում, այս պահին վաղ է ասելը»:
Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է նրանից, թե Կովկասում ինչ քաղաքականություն կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հավելենք, որ Ուորլիքը տեղեկացրել է՝ 2017 թվականի հունվարից Վաշինգտոնում կաշխատի Egorov Puginsky Afanasiev & Partners իրավաբանական ընկերությունում։
Ջեյմս Ուորլիքը Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից: