«Վահան Շիրխանյանը, 3 ամիս է՝ չի կարողացել լոգանք ընդունել, 11 ամսվա ընթացքում մոտ 4000 դեղահաբ է ընդունել». ահազանգում է Հայկ Ալումյանը

«Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստաթղթերով մեզ կարող են ցույց տալ, որ նրա հետ կատարվում են բազմաթիվ բժշկական գործողություններ, բազմաթիվ հետազոտությունների է ենթարկվում, բայց դա ոչինչ չի նշանակում, եթե կարողանաք տեսնել, թե ինչ դինամիկայով է զարգանում նրա վիճակը: 3 օր առաջ ես իր հետ զրուցում էի, նա ասաց, որ այս 11 ամսվա ընթացքում մոտ 4 հազար դեղահաբ է ընդունել, բայց արդյունքն այն է, որ ինքն առողջ մարդ լինելով՝ ձերբակալվել է, իսկ այսօր հաշմանդամ է, ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման հայտարարություն արեց ՊՆ նախկին փոխնախարար, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ 3 ամիս է՝ իր պաշտպանյալը չի կարողացել լոգանք ընդունել, որովհետև դրա համար անհրաժեշտ է մի հարկ իջնել ու ցնցուցի տակ կանգնել, որը նա ի վիճակի չէ անել:

Ըստ նրա՝ Շիրխանյանն առողջ վիճակում է ձերբակալվել, ու այստեղ որոշակի միտում է տեսնում.

«Միտում կա, որ իր կենդանության օրոք նա չկարողանա ազատության մեջ հայտնվել: Մենք ահազանգում ենք՝ իր վիճակը ծայրահեղ ծանր է: Դրա համար էլ լրագրողներին թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ: Վախենում են, որ Շիրխանյանին տեսնեք ներկայիս վիճակում. նրան այնտեղ աստիճանաբար սպանում են: Եթե մենք հենց հիմա դրա մասին չաղաղակենք, չփորձենք բոլորի ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, կարող է մի քանի ամիս անց պարոն Շիրխանյանը մահացած լինել: Նա կարող է անգամ դատարան չհասնել, որովհետև 15 րոպեից ավելի չի կարողանում նստել ու ինձ հետ զրուցել»:

Փաստաբանը նշեց, որ դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարին ու ՔԿՀ վարչության պետին, բայց արձագանք ստացել են միայն մարդու իրավունքների պաշտպանից. «Մենք ունենք ՔԿՀ վարչության պետ և Արդարադատության նախարարություն, որոնք իրենց իրավունք են վերապահում ընդհանրապես չպատասխանել»:

Կարդացեք նաև

Նա հավելեց՝ կարծես խնդիր է դրված, որ Վահան Շիրխանյանը չկարողանա հասնել դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս