Բաժիններ՝

Իշխանի վերարտադրությունը վերականգնելու նպատակով Լիճք գետում գիտափորձ է կատարվել

«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սեւանի ավազան թափվող գետերում իշխանի վերարտադրությունը վերականգնելու նպատակով այս տարի իրականացրել է կարեւոր ու հետաքրիր փորձնական մի նախագիծ, որը, կարելի է ասել, եղել է հաջողված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի ձկնաբան Անուշ Առաքելյանը, հիմնադրամի մասնագետների կողմից կատարվում են փորձարարական աշխատանքներ, որոնք թույլ կտան ընտրել Սեւանի իշխանի բնական պաշարների վերականգման առավել արդյունավետ մեթոդները:

Այդ նպատակով Լիճք գետի ակունքում հատուկ ինկուբատոր արկղերում տեղադրվել է Սեւանի իշխանի «Ամառային» ենթատեսակի «աչքի» փուլում գտնվող շուրջ 4500  հատ ձկնկիթ:

«Մեր կողմից կատարված մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ թրթուրների շուրջ 93 տոկոսը բարեհաջող ավարտել է զարգացումը ինկուբատոր-արկղերում, որտեղից դուրս գալով՝ թրթուրները շարունակել են իրենց ինքնուրույն կյանքը գետում: Այդ ցուցանիշները համեմատության առումով բավականին բարձր են, քան բնության մեջ դրված ձկնկիթի զարգացման համապատասխան արդյունքները:

Հաշվի առնելով վերոգրյալ հաջող փորձը՝ Հիմնադրամը բացի մանրաձկան բացթողումներից հետագայում նաև կավելացնի տեղադրվող արկղերի ու ձկնկիթների քանակները եւ կհետազոտի արդեն իսկ դուրս եկ ած թրթուրների եւ մանրաձկների կենսաբանական մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես՝ աճի տեմպերը, սննդառությունը, ինչպես նաեւ՝ նրանց բնակության միջավայրի կենսապայմանները»-ներկայացրեց Անուշ Առաքելյանը:Սակայն հաջողված գիտափորձը, ըստ ձկնաբանի դիտարկման, հաջող շարունակություն կարող է ունենալ միայն Սեւան թափվող գետերի պատշաճ պահպանությունը ապահովելու դեպքում:

Կարդացեք նաև

«Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաեւ գետերին առնչվող որոշակի խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտ են  հանդիսանում  Սեւանի իշխանի մանրաձկների բնականոն զարգացման համար: Դրանք են՝ անկառավարելի ջրառը, ինչի արդյունքում ամռանը գետերը դառնում են սակավաջուր,ապօրինի ձկնորսությունը ոչ թույլատրելի որսագործիքներով,գետերի աղտոտվածությունը կոմունալ-կենցաղային եւ գյուղատնտեսական աղբով: Գետերի էկոլոգիական վիճակի բարելավման և պահպանման նպատակով հարկավոր է առաջին հերթին մտածել բնակչության էկոլոգիական դաստիարակության և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ, բարձրացնել մարդկանց ինքնագիտակցությունը, ջանք չխնայել գետերի մաքրության պահպանման համար և, ընդհանրապես, պետք է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել Սևանի իշխանի բնական պաշարների վերականգնման համար»,- շեշտեց հիմնադրամի ձկնաբանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս