Կարեն Կարապետյանը՝ «Երևանի գարեջրի» գործարանին տուգանելու մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստի ընթացքում անդրադարձավ «Երևանի գարեջրի» գործարանի հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը:
Կարեն Կարապետյանն ասաց, որ հանձնաժողովն օրենքով ստեղծված անկախ մարմին է, և կառավարությունն այստեղ լծակներ չունի, սակայն դա իրենց չի զրկում կարծիք հայտնելու հնարավարությունից:
«Ուստի պարոն Շաբոյանին և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկայում, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգույթուններն ավելի շատ են:
Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ շուկայում կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, և կա լուրջ մրցակցություն: Բացի դրանից՝ ես հանդիպել եմ այդ գործարարների հետ: Իրենք հիմնավորում են, որ շահութաբաժինն առավել չեն տվել, և այդ իսկ պատճառով խնդրում եմ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ որոշմամբ՝ «Երևան Գարեջուր» ընկերությունից կբռնագանձվի 110 միլիոն դրամ: