«Քրիստոնյա մարդու ելույթ էր…, գեներալիտետի դղյակները փաստ չեն». Էդուարդ Շարմազանովը՝ Սեյրան Սարոյանի ելույթի և գեներալների ունեցվածքի մասին

«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք նաև նախկինում զոհված զինվորների ընտանիքներին աջակցելու համար: Բայց բանակի և բանակաշինության սուրբ գործի վրա ստվեր գցողները, չարաշահումներ կատարողները պետք է պատժվեն: Բնականաբար, պատիժը պետք է լինի Դատախազության կողմից, եթե կան փաստեր, դրա համար կա դատական իշխանություն: Բայց ամենադաժան պատիժն Աստծո կողմից է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Երեկ ԱԺ-ում գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի ելույթը Շարմազանովն ընկալել է այնպես, որ առհասարակ որևէ բան անպատիժ չի մնում, եթե անգամ չի հայտնաբերվում օբյեկտիվ պատճառներով. «Դա նաև քրիստոնյա մարդու ելույթ էր: Սարոյանի ասածը շատ ավելի խորն է եղել, շատ ավելի արժեհամակարգի հետ է կապված եղել: Իմ համար, ցանկացած մարդու համար ամենամեծ պատիժը կլինի, եթե իր երեխաները պիտանի չլինեն հասարակության համար»:

Ըստ նրա`  եթե որևէ մեկը խախտում է օրենքը, դատական համակարգը չի կարող աչք փակել: Է.Շարմազանովը թվարկեց վերջին օրերին ԱՄՆ-ում, ՌԴ-ում կոռուպցիոն բացահայտումների շարքը՝ ասելով, որ չի կարող բացառել մեր երկրում կոռուպցիոն ռիսկերը, մեր երկիրն օազիս չէ: Նրա խոսքով` եթե կան փաստեր, դրանք պետք է ներկայացնել: ԱԺ փոխնախագահի համար գեներալիտետի դղյակները փաստ չեն: Նա նկատեց, որ արդեն 10 տարի է՝ ինքն էլ է տուն կառուցում. «Եթե որևէ մեկն ասի, որ ես մի կոռուպցիոն ռիսկի մեջ եղել եմ, ես հենց այսօր դուրս եմ գալիս քաղաքականությունից»:

«Օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվեն: Պատժելու համար քաղաքական կամքը կա, քաղաքական հրահանգը կա: Բազում մարդիկ էլ, նաև՝ մեր քաղաքական ընկերներից, մեր հարազատներից, այսօր դատապարտվել են, իրենց պատիժը կրում են,- ասաց Է.Շարմազանովը և շարունակեց,- Այս մեղավոր աշխարհում դրախտ մի փնտրեք: Ցանկացած երկրում, ցանկացած իշխանության մեջ կգտնվեն պաշտոնյաներ, որ բարեխիղճ չեն: Ցանկացած երկրում, ցանկացած իշխանության մեջ կգտնվեն պաշտոնյաներ, որ բարեխիղճ են: Իմ խնդրանքը Ձեզ` տեսեք ավելի շատ բարեխիղճներին: Ես պոզիտիվ մարդ եմ: Առաջարկում եմ ավելի շատ հավատալ և վերահսկել»:

Տեսանյութեր

Լրահոս