Բաժիններ՝

«Զինված ուժերի նկատմամբ Հայաստանի պետական բյուջեն երբեք թերֆինանսավորում չի ունեցել». նախարար

Զինված ուժերի նկատմամբ Հայաստանի պետական բյուջեն երբեք թերֆինանսավորում չի ունեցել: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:

«Վերջին տարիներին բյուջետային կարգապահության կանոններին համապատասխան պաշտպանության նախարարությունը պետական բյուջե է վերադարձրել յուրաքանչյուր տարի որոշակի խնայված միջոցներ, ինչը բնական է և նորմալ՝ հաշվի առնելով գնումների որոշ տեսակներ, որոնք կախված չեն միայն բարի կամքից կամ պատասխանատվությունից, հատկապես երբ խոսքը   սպառազինության մասին է, որը կարող է ձգձգվել, տեղափոխվել հաջորդ տարի և այլն: Հետևաբար վերջին տարիներին եղել է ոչ մեծ ծավալի, բայց որոշակի գումարների վերադարձ պետական բյուջե»,-նշեց նախարարը:

Նա հավելեց, որ սա չի նշանակում, թե զինված ուժերի զարգացման ծրագրերը և հատկապես սպառազինության ծրագիրը լիարժեք ֆինանսավորվել են միայն պետբյուջեից:

«Դրանք տարբեր փաստաթղթեր են: Սպառազինության և զարգացման ծրագիրն ավելի լայն հայեցակարգային փաստաթուղթ է, որը միտված է նրան, թե ինչ արդյունք մենք կցանկանանք ունենալ: Այնտեղ ներառված են այն բոլոր խնդիրները, որոնք պետք է լուծվեն ինչպես պետական բյուջեի, այնպես էլ լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվին:

Հիմա, օրինակ, հասկանալի է, որ այն, ինչ գնվում է վարկային ծրագրի շրջանակներում կամ այն, ինչ հնարավոր է լինում ձեռք բերել մեր գործընկերների, մասնավորապես, Ռուսաստանի աջակցության ծրագրերի շրջանակներում, միտված են սպառազինությունների ծրագրի կամ զինված ուժերի զարգացման պլանի կատարմանը, սակայն բյուջետային ֆինանսավորում չեն: Հետևաբար, կար երկու տարբերակ նման փաստաթղթերի մշակման: Կամ մենք գնում ենք նրան, ինչի վրա վստահ ենք, այսինքն, ունենալով տարեկան մեր ֆինանսավորման ծավալը, փորձում ենք դրա մեջ տեղավորվել կամ գրում ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է և փորձում ենք գտնել բոլոր հնարավոր խողովակներն այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Մենք գնացել ենք երկրորդ տարբերակով և դրա բոլոր իրավական հիմնավորումները կան»,- մանրամասնեց նախարարը:

Նա հավելեց, որ դրանք փակ փաստաթղթեր են և ներկայացվածից ավել բան չի կարող ասել, սակայն պատգամավորին խոստացավ որոշակի ձևաչափի պարագայում որոշ փակագծեր բացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս