«Ես ուրախ եմ, որ հիմա դուք փոքրամասնություն եք կազմում». Վիգեն Սարգսյանը՝ Զարուհի Փոստանջյանին
«Միանշանակ է, որ ձեր առաջարկությունն այս տնտեսական պայմաններում ողջունելի առաջարկություն չէ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Զ. Փոստանջյանը նշեց, որ ցավում է, որ Վ. Սարգսյանն առաջինը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս. «Ձեզ չեմ վստահում, կառավարությանը չեմ վստահում, Սերժ Սարգսյանին չեմ վստահում։ Տարիներ շարունակ մենք մուծել ենք գումարներ, դրանք տեղ չեն հասել։ Այս պահին ՀՀ-ում կան շուրջ 5 հազար բանտարկյալներ, յուրաքաչյուր բանտարկյալի համար օրական տրամադրվում է շուրջ 5 հազար դրամ։ Պատկերացրեք՝ այս թիվը որքան է կազմում, եթե այս թիվը կրճատենք, ինչքան գումար կունենաք, որպեսզի հղենք հիմնադրամին։ ՀՀ-ում այսօր կա 22 հազար ոստիկան, որոնք մեզ համար ահռելի քանակ են կազմում, այս ոստիկանների կրճատման հետևանքով կարող ենք ունենալ այն բյուջեն, որը կարող ենք ուղղել մեր զինծառայողների հետագա թե՛ ապաքինմանը, թե՛ նրանց ընտանիքներին։ Այս աղբյուրները լրիվ բավարար են այդ հիմնադրամի համար»։
«Իհարե, դուք բավականին երիտասարդ եք ինձանից, կարող է չհիշեք, բայց կար շատ հայտնի հումորիստ Արկադի Ռայկինը, որն ասում էր, որ եթե բալերինայի ոտքին դինամո կապեք, նա շատ հոսանք կարող է արտադրել պտտվելու ընթացքում։ Ձեր առաջարկն ինձ հիշեցրեց մոտավորապես նույն տրամաբանությունը։ Չեմ կարծում, որ բանտարկյալներին ազատելով՝ բյուջեում փող ենք խնայում, չեմ կարծում, որ մարդուն նստեցնում են բանտ՝ փող ծախսելու կամ այնտեղից փող շահելու համար, բայց դուք՝ որպես պատգամավոր, կարող եք ունենալ ցանկացած երևակայություն: Ես ուրախ եմ, որ հիմա դուք փոքրամասնություն եք կազմում այդ երևակայությամբ»,- ի պատասխան՝ ասաց Վ. Սարգսյանը։
ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ «ողջունելի» համարեց նախարարի «կոմպլիմենտը» Զարուհի Փոստանջյանին. «Զարուհի Փոստանջյանը, ինչքան գիտենք, այնքան էլ երիտասարդ չէ Ձեզնից, բայց շատ երիտասարդ և գեղեցիկ տեսք ունի, այլ հարց է՝ Արկադի Ռայկինին ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ»։