«Ես ենթադրում էի, որ կհաղթի Հիլարին». Հենրի Քիսինջերը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների և ակնկալիքների մասին
ԱՄՆ նախկին պետքարտուղար, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերն Atlantic ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում ակնկալել է Հիլարի Քլինթոնի հաղթանակը։
«Ես ենթադրում էի, որ կհաղթի Հիլարին»,- հայտարարել է Քիսինջերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք զարմացած է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքից։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ընտրված նախագահն է և նրան անհրաժեշտ է տալ «իր փիլիսոփայությունը զարգացնելու» հնարավորություն։
Քիսինջերը նաև ասել է, որ չի հրաժարվի Թրամփի հետ հանդիպումից, եթե նա իրեն համապատասխան առաջարկություն անի։
Հարցին, թե ինչ ռեակցիա կտա Չինաստանը ԱՄՆ ընտրությունների արդյունքին, ԱՄՆ նախկին պետքարտուղարը հայտարարել է, թե Չինաստանը կուսումնասիրի իրադարձությունների հետագա զարգացման տարբերակները։ Քիսինջերի կարծիքով՝ նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Նա կարծում է, որ Պուտինի և Թրամփի հարաբերությունները նախօրոք չեն նախապատրաստվել։
«Ավելի հավանական է, որ Պուտինը կսպասի, որպեսզի հետևի, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է նա։
Մեկնաբանելով ԱՄՆ-ում որոշակի չափով ստեղծված անկայունությունը՝ Քիսինջերը հայտարարել է, թե աշխարհում արտաքին քաղաքականության մեծ մասը սպասման մեջ էր վերջին 6-9 ամիսներին։
«Նրանք ականատես եղան, թե ինչպես մեր երկրում տեղի ունեցավ ներքին հեղափոխություն։ Նրանք ցանկանում են դա ուսումնասիրել ինչ-որ ժամանակ, ակայն ինչ-որ պահի իրադարձությունները դարձյալ կպահանջեն որոշումների կայացում»,- նշել է Քիսինջերը։