ՀՀ տնային տնտեսությունների 5 առաջնային խնդիրները
2015թ.-ի հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների կարծիքը կենսամակարդակի առաջնային խնդիրների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016 զեկույցից։
2015թ.-ին սննդի ապահովման հարցը հիմնական խնդիր համարող տնային տնտեսությունների անդամների մասնաբաժինը կազմել է 14.1%:
Տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների 39.9%-ի գնահատմամբ, ոչ պարենային կարիքներից բավարարվածությունը համարվում է կարևոր հիմնախնդիր:
Յուրաքանչյուր հինգերորդ հարցվողի (20.1%) համար ինչպես 2014թ.-ին, այնպես էլ 2015թ.-ին ամենակարևորը բնակարանային հիմնահարցն է:
Տնային տնտեսությունների 8.4% անդամների համար ամենաառաջնային խնդիրն առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զուրկ լինելն է:
Հարցվողների 2.2%-ը որպես առաջնային խնդիր նշել է երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու անկարողությունը, իսկ 15.3%-ը նշել է այլ առաջնային խնդիրներ: