1000 դրամը եսիմ մի մեծ փող չի, մարդու գրպանին շատ մեծ չի խփում. Սեյրան Սարոյան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից 1000 դրամ պահելու մասին աղմուկ հանած որոշման և այլ հարցերի մասին զրուցեցինք ԱԺ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ։

–  Պարո՛ն Սարոյան, ճի՞շտ եք համարում այդ գաղափարը՝ պարտադիր կերպով գումարներ գանձելը բանակի համար։

– Մեր հանրապետությունում չկա մի ընտանիք, որը բանակի հետ կապված չլինի, մեկը ծառայող ունի, մեկը՝ աֆիցերսկի ծառայող, էդ փողերը հո Վիգեն Սարգսյանը չի՞ հավաքում՝ տանի իրանց տուն։ Վիգեն Սարգսյանը խո իրա շահի համա՞ր չի անում։ Ամեն մեկս եթե կարում ենք մի փոքր ներդրում անենք, լավ է։ Ճիշտ ա, մարդ կա՝ էդ 1000 դրամն էլ ա իրա վրա երևում, բայց չեմ գտնում, որ մի հայ կլինի ու իմանա էդ 1000 դրամը զինվորի վրա ա գնում, ու ինքն ափսոսա։ 1000 դրամը եսիմ մի մեծ փող չի, մարդու գրպանին շատ մեծ չի խփում, բայց բոլորիս կողմից հավաքված էդ գումարը մեծ է արդեն։ Ամեն մեկը թող մտածի, որ ինքն իր բանակին օգնում է։

–  Բայց հարցրե՞լ են քաղաքացիներին՝ ուզո՞ւմ են իրենք մտածել բանակի մասին։

–  Եկեք իմ պես մտածեք. հիմա օրը երեք բաժակ կոֆե ենք, չէ՞, խմում, էդ մեկը եկեք չխմենք, մի բաժակ կոֆեի փող ա։ Ես չգիտեմ՝ հարցրել են մարդկանց, թե չէ, բայց կարծում եմ՝ հարցրած կլինեն։ Եթե մեր երկրի ուսուցչուհին համաձայն ա էդ փողը տալու, մնացածն ամոթ էլ ա, որ չտան, ու ես գիտեմ, որ մեր ուսուցչուհիներն առաջուց էլ սիրով կտան։ Ամոթ էլ ա մեծ աղմուկ բարձրացնել։ Հիմա կասեք՝ ձենը տաք տեղից ա գալիս, բայց, հավատա՝ էդ հազար դրամը հարուստի համար էլ, քյասիբի համար էլ եսիմինչ փող չի:

– ՀՀ քաղաքացիները հարկեր են վճարում, օգնում կամովին, բայց ինչո՞ւ պիտի պարտադրված գումար վճարեն։

– Ստեղ բարոյական խնդիրն ավելի շատ ա, քան ֆինանսական։ Ով պետությունից սնվում ա, փող ստանում, թող տա, ի՞նչ կլինի որ։ Հիմա դու՝ մեկ-մեկ չե՞ս մտածում, որ էդ զինվորները, սահմանին կանգնած, հիմա ի՞նչ են անում, ծեմ բոլե, որ վիրավորների համար ա էդ փողը լինելու։ Կյանքում ամենաթանկ բանը կյանքն ա, ու մարդը եթե իրա կյանքը չի խնայում հայրենիքի համար, մենք մեր 1000 դրամը խնայե՞նք, հլը ասա։ Ամոթ չի՞ սենց մեծ աղմուկ բարձրացնելը։

–  Սոցկայքերում դժգոհում են՝ ինչո՞ւ պիտի հասարակ մարդիկ վճարեն, եթե գեներալներն ու չինովնիկներն ահռելի հարստություն են դիզել, դղյակներում են ապրում: Գուցե այդ մարդկա՞նց հորդորեք, որ գումարները հետ վերադարձնեն բյուջե:

– Դրա վախտն էլ ա գալու, չմտածես: Ես գիտեմ, որ Վիգեն Սարգսյանը շատ լուրջ, մտածված եկեր ա ու ուզում ա պաշտպանության նախարարությունում շատ լուրջ բաներ անի: Ես քեզ ասում եմ՝ ով ինչ արել ա, բերելու ա մուծի, սրա ձենն էլ կլսենք։ Էդքան հեշտ չի ապացուցելը, կաշառքն ընենց կեղտոտ բան ա, հեչ հեշտ չի, ձեռը բռնես, չես կարա ապացուցես։ Էդ որ բռնում են, մեծ աշխատանանքներ ա տանում մեր ԿԳԲ-ն։ Հիմա դրանք տարել են, քթներից գա, չեն վայելելու, բանակից փող տանողը չի ուտելու, եթե մտածում են, որ պիտի ուտեն, չարաչար սխալվում են, իրենց քթից գա, հա։ Իրենք էլ ուտեն, իրենց էրեխեքը չեն վայելելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս