Բաժիններ՝

Դևիդ Բոուիի ցուցահանդեսը հաճախելիության ռեկորդ է սահմանել

Լոնդոնում Դեւիդ Բոուիի հետահայաց ցուցահանդեսը ամենահաճախվողն է դարձել Վիկտորյայի եւ Ալբերտի թանգարանի պատմության մեջ, հաղորդում է BBC News-ն: David Bowie Is կոչվող ցուցադրանքը, որն ամբողջ աշխարհում ներկայացվել է արդեն ութ հարթակներում, դիտել է 1,5 միլիոն այցելու:

Շուրջ 312 հազար հանդիսական է եղել բուն թանգարանում, որտեղ երաժշտի կյանքի եւ ստեղծագործության մասին ցուցահանդեսը մեկնարկել է 2013 թվականին: Ընդամենը ցուցադրանքի միջազգային շրջագայությունը, որը կավարտվի 2017 թվականին, ներառում է 10 քաղաք:

Ներկայում հետահայաց ցուցահանդեսը գործում է Բոլոնիայի Արդի արվեստի թանգարանում, ինչից հետո այն կտանեն Տոկիո, իսկ այնուհետեւ՝Բարսելոն: Ցուցադրանքում ներկայացված է 300-ից ավելի օբյեկտ, այդ թվում ձեռագրեր, զգեստներ, լուսանկարներ եւ հազվագյուտ բեմիրեր երգչի ելույթներից:

Լոնդոնի Վիկտորյայի եւ Ալբերտի թանգարանը դեկորատիվ-կիրառական արվեստի եւ դիզայնի խոշորագույն թանգարանն է աշխարհում: Այն աշխարհի առավել շատ հաճախվող գեղարվեստական թանգարանների քսանյակում է: Թանգարանի մուտքն անվճար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս