«Ընտանիք, ուտեստներ և կրակ»
Ամերիկացի հռչակավոր դերասանուհի Ումա Թուրմանը բացել է Ծննդյան տոների ցուցափեղկերը Փարիզի գլխավոր հանրախանութներից մեկում՝ Printemps-ում, որը գտնվում է Օսմանի ճեմուղիում:
Հոլիվուդյան կինոաստղը դեռ փակ ցուցափեղկի առջեւի կարմիր ուղեգորգի վրա է հայտնվել սեւ անթեւ զգեստով: Լուսանկարիչների առջեւ դերասանուհին թավշե բարձիկի վրայից վերցրել է մեծ մկրատը եւ կտրել լայն ժապավենը՝ բացելով Ծննդյան տոների տրամադրության ուղին:
«Դե ահա, Ծննդյան տոներն սկսվեցին: Այս ցուցափեղկերը կախարդական են, կարուսելնե՜ր, ամե՜ն ինչ պտտվում է»,- իր հիացմունքն է հայտնել Ումա Թուրմանը մի քանի լրագրողների հետ խանութի հենց գմբեթի տակ կայացած հանդիպմանը:
Պատասխանելով այն հարցին, թե այս տոնն ինչ է հենց իր համար՝ նա առանց մտածելու ասել է. «Ընտանիք, ուտեստներ եւ կրակ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: