«Թող լինի նախընտրական, նախատոնական, ինչ-որ մեկի ծնունդին նվեր». Նաիրա Զոհրաբյանը՝ նախագահի և վարչապետի հանձնարարականների մասին
«Քայլերն իհա՛րկե դրական են, բայց այդ քայլերը պետք է արվեին շատ վաղուց»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության և ճանապարհային երթևեկության կանոնակարգումների վերաբերյալ տրված հանձնարարականների մասին՝ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ոստիկանության պետին հանձնարարեց, անհրաժեշտության դեպքում՝ ներգրավելով նաև Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված այս ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական կառույցներին:
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ բողոքում էին տոտալ թալանից, «Սեքյուրիթի դրիմից», կարմիր գծերից. «Իհարկե, ավելի լավ է ուշ, քան երբեք, ու շատ լավ է, որ նման հանձնարարական եղավ՝ այդ գումարներն ուղղել պետական բյուջե, բայց, կարծում եմ՝ սրան պետք է հետևի մեկ շատ ավելի կարևոր հանձնարարական ևս, խնդիրը չպետք է լինի ամեն գնով փող կորզելը, խնդիրը պետք է լինի՝ տուգանել օրինախախտներին: Երբ հատուկ թփերի տակ հատուկ մասկիրովկա են անում, մակիաժ են անում, որ արագաչափը չերևա, այստեղ արդեն հասկանում ես, որ նպատակը ոչ թե՝ օրինախախտին պատժելն է, այլ՝ փող կորզելը»:
Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են, որ օրինախախտները պատժվեն. «Ես կողմ եմ, որ այն հաբռգած լակոտները, որոնք հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների, օլիգարխների լակոտներ են, ովքեր քաղաքում երթևեկում են Շումախերի արագությամբ, նրանց հանդեպ տուգանքները ոչ միայն հարյուրապատկվեն, այլև հազարապատկվեն, անգամ կողմ եմ նրանց հանդեպ տարբեր պատժամիջոցների կիրառմանը, բայց նման տուգանքները սահմանել ՀՀ- այն քաղաքացիների հանդեպ, ում եկամուտները բացարձակ անհամաչափ են տուգանքներին, սա, կարծում եմ՝ բացարձակ անարդար է: Լավ է, որ նախագահի կողմից եղավ հանձնարարական՝ այդ գումարներն ուղղել ոչ թե «Սեքյուրիթի դրիմի» կամ այլ մասնավոր անձնանց գրպանը՝ նրանց դարձնելով օդից միլիոնատերեր, ուղղենք բյուջե, բայց դրանից առաջ հստակ կանոնակարգենք տուգանքները ու դրանք դարձնենք համահունչ մեր աղքատության փառահեղ գործակցին»:
Մեր այն դիտարկման հետ, թե՝ կարծիքներ են հնչում, որ իշխանությունների կողմից սա նախընտրական քայլ էր, Ն. Զոհրաբյանը համաձայնեց. «Թող նախընտրական լինի, ես էլ եմ կարծում, որ նախընտրական է, հիմա այդ գազի սակագնի իջեցումն էլ շատերն ասում են՝ նախընտրական է, թող լինի նախընտրական, նախատոնական, ինչ-որ մեկի ծնունդին նվեր, բացարձակ ինձ չի հետաքրքրում, ինձ համար կարևոր է, որ դրա արդյունքում գումարները կուղղվեն պետական բյուջե, ոչ թե մասնավոր գրպան, և եթե տուգանքներն իջեցնեն, թող անունը դնեն՝ նախընտրական նվեր ՀՀԿ-ի կողմից, ինձ բացարձակ չի հետաքրքրում, ինձ համար կարևոր է, որ դրանից օգտվի ՀՀ քաղաքացին, դրանից չօգտվեն տարբեր օլիգարխներ»: