Բաժիններ՝

Արագածավանում տեղի ունեցած երկու անձի սպանությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Արագածավան գյուղի բնակիչներ Արտյոմ Խամոյանի և Վարդգես Գալստյանի սպանության հանգամանքները, առաջադրվել մեղադրանքներ:

2016թ. փետրվարի 3-ին՝ ժամը 23:45-ին, «Թալին» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է բերվել 2 անձի դիակ՝ հրազենային վնասվածքով։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանվածների ինքնությունը, նրանց կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու վայրը, հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում համագյուղաղացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն՝  Ա.Խամոյանի կողմից ավտոմեքենան նշված վայրում կայանելու կապակցությամբ, ինչը վերածվել է ծեծկռտուքի։

Վիճաբանությունը այլ համագյուղացիների միջամտության արդյունքում հանդարտվել է, սակայն որոշ ժամանակ անց, մասնակիցներից երեքը, որոնցից երկուսը զինված են եղել որսորդական հրացաններով, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով գնացել են  Հոկտեմբերյան խճուղու թիվ 31 շենքի 4-րդ մուտքի մոտ, որտեղ կանգնած են եղել Խամոյան եղբայրները, Գալստյան եղբայրները և այլ անձինք, ու որսորդական հրացաններով կրակոցներ արձակել վերջիններիս ուղղությամբ։

Ստացած հրազենային վնասվածքներից Արտյոմ Խամոյանը և Վարդգես Գալստյանը տեղում մահացել են, իսկ Արման Խամոյանը և Արծրուն Գալստյանը՝ ստացել հրազենային-կոտորակային կույր վնասվածքներ:

Քրեական գործով պարզվել է միջադեպին մասնակից, այդ թվում՝ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայում գտնված անձանց ինքնությունը, անհատականացրել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների արդյունքում մասնակիցներից մեկի բնարականի խորդանոցում հայտնաբերվել է ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի  փամփուշտ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա  Ս.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իսկ 31-ամյա Ա.Սարգսյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերի և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի հատկանիշներով: Նրանց Նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նկատի ունենալով, որ երրորդ մասնակիցը՝ Բ.Նազարեթյանը, դիմել է փախուստի՝ քննիչը որոշում է կայացրել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երկու մեղադրյալների՝ Ս.Ղազարյանի և Ա.Սարգսյանի  մասով  քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել Բ.Նազարեթյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս