«Իհարկե, հատկապես հուլիսյան իրադարձությունների ժամանակ շատ կային բարդություններ…». Արման Թաթոյանը՝ ՄԻՊ-ի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին
Ինչպես հայտնի է, 2017 թվականի պետական բյուջեի նախագծով՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հատկացվող գումարները 4.3 միլիոն դրամով կրճատվել են:
Այսօր Ազգային ժողովում լրագրողները Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ճի՞շտ է այն տպավորությունը, որ բյուջեով նախատեսված գումարները քչացել են, դուք չեք բողոքում: Ի պատասխան՝ Ա. Թաթոյանն ասաց, որ սխալ է այդ տպավորությունը:
«Մենք Ֆինանսների նախարություն ներկայացրել ենք բավականին զգալի առարկություններ, ու այնտեղ կան շատ անճշտություններ, որոնք պետք է մշակվեն Ազգային ժողովի լսումներից հետո: Մենք ունենք օրենսդրական լուծումներ, որտեղ կան և՛ աշխատավարձի բարձրացումներ աշխատակիցների համար, և՛ սոցիալական երաշխիքների բարձրացումներ, այնպես որ, այդտեղ կրճատումներ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է բյուջեի կրճատումներին, ապա դրա հետ կապված ներկայացված են բոլոր առարկությունները: Պետք է ասեմ, որ դրանց մեծ մասն արդեն նախագծում ներառվելու է»,- նշեց ՄԻՊ-ը:
Լրագրողի ճշտող հարցին, թե՝ այսինքն՝ այնպես չէ, որ ձեզ ինչքան գումար հատկացրել են, դուք համերաշխ ընդունել եք, Ա. Թաթոյանն այսպես արձագանքեց. «Չէ, ի՞նչ եք ասում, մենք ընդհակառակը… Պատկերացնո՞ւմ եք՝ ես այդպես ինչպե՞ս կարող էի աշխատել: Հիշո՞ւմ եք՝ երբ կրճատումներ իրականացվեցին աշխատակիցների, ես սկզբունքային առումով այդ հարցը բարձրացրել եմ, ոչ մի կրճատում չեմ արել և ասել եմ, որ չեմ էլ անելու կրճատում: Իմ սկզբունքային մոտեցումն է՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցը չպետք է ավելի ցածր վարձատրություն ստանա, քան ցանկացած նախարարության կամ դատարանի աշխատակազմի աշխատող»:
Լրագրողներից մեկը նաև հետաքրքրվեց, թե արդյոք եղե՞լ են ճնշումներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վրա՝ ինչ Ա. Թաթոյանն է պաշտպանը: Ի պատասխան՝ ՄԻՊ-ն ասաց. «Մարդու իրավունքների աշխատակազմի աշխատանքը բարդ է շատ, իհարկե, ժամանակշրջան կա, որ բարդ հարաբերություններ են գործընկերների հետ, և այլն, բայց՝ ոչ, նման խնդիր ես այսօր չունեմ ճնշումների: Իհարկե, հատկապես հուլիսյան իրադարձությունների ժամանակ շատ կային բարդություններ, բայց ես այսօր չեմ կարող ասել՝ ճնշումներ կան, և այլն»:
Հարցին էլ, թե՝ հնարավո՞ր է «իշխանությունների ոտքը չեք տրորել», դրա համար չկան ճնշումներ, Ա. Թաթոյանն այսպես արձագանքեց. «Ես նման կատեգորիաներով չեմ առաջնորդվում՝ «ոտք տրորել», և այլն, իմ խնդիրը քաղաքացիների բարձրացրած խնդիրները վերհանելն է, լուծելն է, դուք նաև տեսաք՝ ինչքան քննադատեցին, երբ վեր հանեցինք այն խնդիրները, որոնք կան, նաև մարդու իրավունքների նախկին պաշտպանն է այդ սկզբունքով աշխատել»: