«Կարծում եմ՝ եթե խաղի կանոնները հստակ լինեն, ջրամատակարարումը չի դադարեցվի». Արսեն Հարությունյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2017 թվականի բյուջեով նախատեսված գումարների մեջ փորձելու են տեղավորվել:
Նրա խոսքով՝ ոլորտի առաջնային խնդիրներից է՝ անել ամեն ինչ, որ գյուղացիները ջրի հետ կապված խնդիրներ չունենան:
«Կարծում եմ՝ եթե խաղի կանոնները հստակ լինեն, եթե գյուղացին պատրաստ լինի վճարել մատուցված ջրի համար, մենք երաշխավորում ենք, որ ջրամատակարարումը չի դադարեցվի»,- նշեց Ա. Հարությունյանը:
Անդրադառնալով այս օրերին իրենց արած գործողություններին՝ Ա. Հարությունյանը կարծիք հայտնեց, որ մի նախարարությունից մյուս նախարարություն տեղափոխությունը որևիցե խնդիր կամ խոչընդոտ չի առաջացնելու իրենց բնականոն աշխատանքի համար. «Իսկ ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին և օպտիմալացմանը, ասեմ, որ մենք ունենք ծրագրեր, ծրագրերի իրականացման գրասենյակ, հունվարի մեկից այդ ԾԻԳ-ը փակվում է, քանի որ ծրագիրն ավարտվում է»: