Բաժիններ՝

«Մենք մարզպետ չենք նշանակել, որ ձայն բերի». Դավիթ Լոքյանը՝ Շիրակի մարզպետի հնարավոր փոփոխության մասին

«Կառավարության համակարգի օպտիմալացման համատեքստում պետք է քննարկել նաև փոխմարզպետների օպտիմալացման հարցը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ կան մարզեր, որտեղ երկու-երեք փոխմարզպետների հարց ունեն, այդ հարցը մշտապես քննարկվել է, պարզապես քաղաքական փոփոխությունների արդյունքում ձևավորված կոալիցիաներում տարբեր կուսակցություններից համալրում է եղել մարզպետարաններ՝ փոխմարզպետի պաշտոնով, կոալիցիաներից դուրս գալուց հետո մարդիկ շարունակել են աշխատել, և թիվը մեծացել է: Նախարարի դիտարկմամբ՝ այս խնդիրը միշտ քննարկվել է:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե լուրեր կային, որ Շիրակի մարզպետը փոխվելու է, արդյո՞ք  նախարարը տեղեկություններ ունի այդ մասին, Դ. Լոքյանը պատասխանեց, որ Շիրակի մարզպետի փոփոխության հարց չկա. «Դա պարզապես հայտարարություններ են ընտրություններից հետո, ու ես կարծում եմ, որ մարզպետը պետք է փոխվի մարզում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում: Եթե նա ընտրություններին ակտիվ մասնակցություն չի ունեցել, մենք բոլորս ուզում ենք, որ մարզպետները չմասնակցեն ընտրական գործընթացին, Շիրակի մարզպետն այդ գործառույթը պահպանել է, Շիրակի մարզպետի փոփոխության խնդիր չկա»:

Հարցին, թե՝ որպես կուսակցական՝ գո՞հ է դաշնակցական մարզպետներից, նախարարը պատասխանեց. «Մենք մարզպետ չենք նշանակել, որ ձայն բերի: Քաղաքական պաշտոններ ստանձնողները կոչված չեն կուսակցության համար ձայներ ապահովել»: Լրագրողի դիտարկմանն էլ, թե փորձը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ականները դա անում են,  նախարարն այսպես պատասխանեց. «Փորձն ինչ է ցույց տալիս, հարցրեք ՀՀԿ-ականներին: Դուք հարցնում եք դաշնակցականից: Եթե դաշնակցական մարզպետները թույլ կտան ոչ նորմալ աշխատանք, պարտականությունների կատարման մեջ կթերանան, զարգացման ծրագրերը չեն խրախուսի, այն ժամանակ մենք կդնենք նրանց ազատման խնդիրը: Բայց պարտադրել, որ մարզպետը գնա, ընտրություն կազմակերպի, դա ինձ համար գոնե անհասկանալի է: Տարիներ շարունակ դուք էլ ասում էիք, պայքարում էիք, որ մարզպետները չխառնվեն ՏԻՄ ընտրություններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս