Բաժիններ՝

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ. դատարանն անդրադարձել է Արման Մկրտումյանի վարքագծին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր վճիռ է կայացրել «Վարդանյանն ու Նունուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ ՄԻԵԴ-ն իր վճռով արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտումը։ Արդարացի փոխհատուցման հարցի առնչությամբ դատարանը Հայաստանի կառավարությանը և առաջին դիմումատուին ժամանակ է տրամադրել՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում ներկայացնել իրենց գրավոր նկատառումները վնասների չափերի վերաբերյալ և դատարանին հաղորդել, եթե կողմերը որևէ համաձայնության գան։

Հետաքրքրական է, որ իր վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադարձ է կատարել նաև այժմ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Մկրտումյանի վարքագծին։ Դատարանն իր վճռում որոշակի մեջբերումներ է կատարել դատավարության ընթացքում վերջինիս խոսքերից։ Վճռում խոսվում է judge M-ի մասին, ով, ըստ փաստաբանների, հենց Արման Մկրտումյանն է։

Դիմումը Մարդու իրավունքների եվոպական դատարանը ստացել է 2007թ. փետրվարի 19-ին՝ Հայաստանի երեք քաղաքացիների կողմից՝ Յուրի Վարդանյան, Շուշանիկ Նունուշյան և Արտաշես Վարդանյան։ ՄԻԵԴ-ում վերջիններիս շահերը ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը, իսկ Հայաստանի կառավարությունը՝ ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Առաջին դիմումատուն պնդել է, որ առանց հիմքերի զրկվել է իր հողամասից, և դրան հաջորդող գործընթացների ընթացքում զրկված է եղել արդար դատաքննության իրավունքից։ Նա նշել է, որ անօրինականորեն զրկվել է իր բնակարանից։ Դիմումատուները նույն ընտանիքի անդամներ են։ Երկրորդ և երրորդ դիմումատուներն առաջին դիմումատուի կինն ու որդին են։ Նրանք բնակվել են Երևանի Բուզանդի 13 հասցեում գտնվող բնակարանում։

ՄԻԵԴ-ն իր վճռում նշել է, որ 2006թ. ապրիլի 21-ինՎճռաբեկ դատարանը նիստ է անցկացրել կողմերի մասնակցությամբ։ Իմանալով, որ առաջին դիմումատուն մերժել է կառավարության հետ հաշտության համաձայնագրի կնքումը՝ Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Արման Մկրտումյանը (1998-2008 թթ. Արման Մկրտումյանը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնը), ում նախագահությամբ ընթացել է նիստը, ըստ վճռի, նշել է. «Յուրաքանչյուր կողմ պետք է լուծման գա զիջումների միջոցով… Եթե մենք շարունակենք երկարաձգել այս վեճը, մենք կնշենք դրա 100-րդ տարեդարձը… Ասեք, թե որ օրը և որ ժամին է ձեզ հարմար, որպեսզի գաք և ձեր մտքետը ներկայացնեք դատավոր Հ.-ին… բայց փորձեք արդյունավետ քննարկում ունենալ նրա հետ… դուք բավական ժամանակ ունեք մինչ դա։ Հանդիպեք և քննարկեք և փորձեք ընդհանուր կետեր գտնել հաշտության համաձայնագրում, որպեսզի քննարկումն արդյունավետ լինի»։ Մկրտումյանը սրանով փակել է դատական նիստը։

2006թ. մայիսի 5-ին ևս այս գործով դատական նիստ է տեղի ունեցել։ Իմանալով, որ առաջին դիմումատուն դեռ մերժում է հաշտության համաձայնագրի կնքումը, նա նշել է. «Դուք բազմաթիվ անգամներ մասնակցել եք պալատի նիստերին և պետք է նկատած լինեք, որ պալատը մշտապես կարևորություն է տալիս այն փաստին, թե որ կողմն է մերժել հաշտության համաձայնագրի կնքումը։ Այսպիսով, սա վերջին անգամն է, երբ մենք ձեզ հնավորություն ենք տալիս մինչև հաջորդ նիստը… ևս մեկ անգամ քննարկել հարցերը և ձեր պատասխանը ներկայացնել դատավոր Հ.-ին»։ Արման Մկրտումյանն այսքանով փակել է դատական նիստը։ Այսպիսով, առաջին դիմումատուն պնդել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահն անկողմնակալ չի եղել և փորձել է իրեն պարտադրել հաշտության համաձայնագիր կնքել՝ զգուշացնելով մերժման բացասական հետևանքների մասին։ Կողմը պնդել է, որ Մկրտումյանը հետաձգել է դատական նիստերը մի քանի անգամ՝ հստակ ցույց տալով, որ իր համար անցանկալի որոշում կկայացվի, եթե շարունակի մերժել հաշտության համաձայնագրի կնքումը։

Կառավարությունն իր հերթին՝ պնդել է, որ ապացուցված չէ, որ Մկրտումյանը որևէ կողմնակալություն է ունեցել, նա չի փորձել առաջին դիմումատուին պարտադրել հաշտության համաձայնագրի կնքում, պարզապես գործել է ընթացակարգային պահանջներին համապատասխան։

Այս առնչությամբ փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եվրոպական դատարանի կողմից այսօր ընդդեմ Հայաստանի կայացված որոշումը (Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի) ինձ համար աննախադեպ է։ Եվրոպական դատարանն արձանագրել է Հայաստանի քաղաքացիների` արդար դատաքննության իրավունքի խախտում, դատավարության կողմերի միջև հավասար մրցակցության իրավունքի խախտում։

Բայց հազվադեպ որոշումներից է, որ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել՝ հստակ գնահատական տալով հայ դատավորի գործողություններին, որոշման մեջ մեջբերումներ են արված դատական նիստին հայ դատավորի կողմից հնչած արտահայտություններից, և հատկապես հայ դատավորի գործողություններն են նաև հիմք հանդիսացել Հայաստանի դեմ կայացված որոշման։

Իսկ այդ հայ դատավորը (ինչպես որոշման մեջ է նշված՝ judge M.) ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է։

Սա Եվրոպական դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գնահատական է տրվել բարձրագույն դատական պաշտոնյայի վարքին՝ գնահատելով այն դատական կարևորագույն հատկանիշի՝ անկողմնակալության սկզբունքի խախտում… Շնորհավորում եմ մեր գործընկեր Վահե Գրիգորյանին»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս