Բաժիններ՝

«Մեծ հույս ունեմ և գրեթե վստահ եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք այս աջակցությունը նույնպես շարունակական կլինի». Արմեն Աշոտյան

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունն այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ մասնակցությամբ թվով 5 հայկական ուժեղագույն թիմերի:

Այս մասին այսօր հայտնի դարձավ հրավիրված ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանն ու «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը։

Ի թիվս հնչած շատ հարցերի, լրագրողների հետ հանդիպման ընթացքում քննարկվեց նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին պետական աջակցության խնդիրը:

Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք չկա մտավախություն այն առնչությամբ, որ նոր Կառավարությունը նորանշանակ վարչապետի գլխավորությամբ կդադարեցնի հին ավանդույթներն ու իր հովանու տակ չի վերցնի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի անցկացումը, բանախոս Արմեն Աշոտյանն ասաց.

Կարդացեք նաև

«Առաջիկա՝ Աշխարհի 14-րդ առաջնությունն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո և նրա աջակցությամբ: Ճիշտ եք՝ ինտելեկտուալ շարժումը վերջին 11 տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է վարչապետների՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի անմիջական աջակցությամբ: Այդ աջակցությունը եղել է տարբեր ձևաչափերով՝ խաղի հեռուստատարբերակի հեռարձակման լիցենզիայի ձեռքբերման տեսակետից, աշակերտական և ուսանողական առաջնությունների կազմակերպման առումով, իսկ եթե հիշում եք՝ ժամանակին կար նաև «Վարչապետի գավաթ» առաջնություն, որը նախատեսված էր գերատեսչական թիմերի համար: Ես մեծ հույս ունեմ և գրեթե վստահ եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք այս աջակցությունը նույնպես շարունակական կլինի: Մնացյալը պարզ կդառնա, երբ նոր կառավարությունը ձեռնամուխ լինի բյուջետային տարվա մեկնարկին: Միայն այդ ժամանակ կարող ենք տեսնել, թե նոր կառավարությունն ինչ տեսակի աջակցություն է պատրաստ ցուցաբերել՝ շարունակելու համար ինտելեկտուալ շարժման զարգացմանը Հայաստանում»:

Տեղեկացնենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջազգային ասոցիացիայի հետ միասին: Առաջնությունը կանցկացվի Ծաղկաձոր քաղաքում՝ նոյեմբերի 12-13-ին: Միջոցառումն ունենալու է պաշտոնական բացում, իսկ ավարտին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջազգային ասոցիացիան շնորհելու է տարվա մրցանակներ, այսպես ասած՝ ինտելեկտուալ «Օսկարը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս