«Ողջունում ենք Ալիևի այդ հայտարարությունը ոչ նրա համար, որ դա վերջին խոսքն էր». Ուորլիք

«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ընդունում են Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները»,- այս մասին այսօր Երևանում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի նախագահական հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

Հարցին, թե այդ հանդիպումներից մի քանի ամիս անց ինչո՞ւ կյանքի չեն կոչվել այդ համաձայնությունները, հակամարտող ո՞ր կողմը չի ընդունում Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները,  Ուորլիքը պատասխանեց, որ կարող է հավաստիացնել՝ Հելսինկյան երեք սկզբունքները բոլոր կողմերն ընդունել են: Նա հիշեցրեց, որ այդ սկզբունքները  ներառում են ինքնորոշման իրավունքի ճանաչում, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք, հանձնառություն ուժ չկիրառելու վերաբերյալ: Նա ընդգծեց, որ համանախագահներն աշխատում են բոլոր երեք սկզբունքների հիման վրա,  ՀՀ-ն,  Ադրբեջանը ստորագրել են, նրանք հետամուտ են իրենց հանձնառություններին, համանախագահները շարունակում են այդ սկզբունքներով առաջնորդվել  առաջընթացի  հիմնական ճանապարհի ընթացքում:

«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահական հանդիպումների ընթացքում հնարավորություն եղավ խոսել մի շարք խնդիրների մասին, նախագահների միջև եղավ այդ քննարկումը: Այդ հանդիպումների ընթացքում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը քննարկվեց  գործող նախագահի՝ Կասպրչիկի ղեկավարության ներքո, համաձայնություն կար առաջ ընթանալ այս մասով, այցի նպատակն այն է, որ որոշ մանրամասների շուրջ հստակեցումներ մտցնենք: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կարգավորման գործընթացի հետագա քայլերի մասին քննարկում եղավ, նախագահները հանձնառություն հայտնեցին խաղաղ բանակցային կարգավորման հարցի վերաբերյալ: Դեռևս կան անհամաձայնություններ, ոլորտներ, որոնք քննարկման կարիք ունեն, երկու նախագահներն էլ համաձայնել են առաջ ընթանալ խաղաղ կարգավորման ճանապարհով, որը տևական կարգավորում կապահովի: Երևանում այս գաղափարներից մի քանիսն ենք ուզում քննարկել»,- ասաց Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահն անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, որ փոխզիջում կարող  է լինել, և Ադրբեջանը կարող է ճանաչել ԼՂ-ն՝ որպես ինքնավար հանրապետություն, ասաց, որ քննարկման փուլում են կարգավորման բոլոր տարրերը: Նրա հավաստացմամբ՝ համանախագահները, ինչպես նաև՝ կողմերը, ձգտում են  ամբողջական և անկեղծ քննարկման ոչ միայն առանձնազրույցներում, այլև հասարակական մակարդակում:

Կարդացեք նաև

Ըստ Ուորլիքի՝ նախագահ Ալիևը քննարկում է բացել ԼՂ կարգավիճակի հարցի վերաբերյալ: «Սա մի բան է, որ մենք բոլորս պետք է ողջունենք, պետք է անկեղծ քննարկում ծավալենք ԼՂ կարգավիճակի վերաբերյալ, դիրքորոշումները կողմերի միջև կարող են նույնական չլինել, բայց կարևոր է, որ հասարակության դատին ներկայացվեն այս հարցերը, և  հատկապես՝ ԼՂ ազգաբնակչությանը: Ուստի մենք ողջունում ենք այդ հայտարարությունը ոչ նրա համար, որ դա վերջին խոսքն էր, այլ նրա համար, որ նա այս հարցը, այս խնդիրը քննարկման թեմա է դարձնում: Բոլոր տարրերը, որոնք մաս են կազմելու բանակցային կարգավորման, պետք է շրջանառվեն, քննարկվեն ոչ միայն՝ մասնավոր շրջանակում, այլև հանրության լայն շրջանակներին ներկայացվեն»,- հստակեցրեց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Վերջինս ասաց, որ իր, ինչպես նաև հայերի, ադրբեջանցիների երազանքն է, որ ժողովուրդները կարողանան կողք կողքի ապրել խաղաղության և անվտանգության միջավայրում: Ուորլիքը հիշեցրեց, որ երկու ժողովուրդների կյանքում եղել են նման ժամանակներ, երբ կողք կողքի ապրել են, և իրենց ջանքերն ուղղված  են տևական խաղաղության ապահովմանը:

Նրա որակմամբ՝ տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են ապրել խաղաղության և անվտանգության մեջ,  որպեսզի չլինեն հակամարտություններ, որի ուղղությամբ համանախագահները ցանկանում են կրկնապատկել իրենց  ջանքերը:

 

Տեսանյութեր

Լրահոս