ՀՀ կառավարության և «Ռոսգեոլոգիա» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության միջև համագործակցության մասին hուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովը: Ըստ հուշագրի՝ կողմերը կզարգացնեն համագործակցությունը երկրաբանական հետազոտությունների և որոնողական համալիր աշխատանքների իրականացման, հանքարդյունահանման պլանավորման, հանքավայրերի գնահատման և մի շարք այլ ուղղություններով: Նախատեսվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում նախագծերի իրականացման համար կողմերը կստեղծեն համատեղ ձեռնարկություն:

Մինչ հուշագրի ստորագրումը վարչապետ Կարեն Կարապետյանը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովը քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել ծրագրերին և այն քայլերին, որոնք գործնական հիմքի վրա կդնեն դրանց իրականացումը:

Վարչապետը ողջունել է «Ռոսգեոլոգիա»  բաժնետիրական ընկերության հետ համագործակցության ծավալումը՝ ընդգծելով, որ կառավարության ծրագրում կարևորվում է ընդերքի համապարփակ և համալիր հետազոտության, ընդերքօգտագործման թափանցիկության ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը: Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ գործակցությունը կարող է ծառայել որպես արդյունավետ հարթակ ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման համար, և գործադիրը հետաքրքրված է համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Ռոման Պանովը, շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, վարչապետին է ներկայացրել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ իրենց պատկերացումները: Նա նշել է, որ «Ռոսգեոլոգիա»-ն պատրաստ է ինտենսիվ գործունեություն ծավալել մեր երկրում՝ ընդգծելով, որ Հայաստանը հարուստ է հանքանյութային ապարներով, և այդ բազան զարգացման ու ամրապնդման նշանակալի հեռանկարներ ունի:

Տեսանյութեր

Լրահոս