Samsung-ը Galaxy Note 7-ի փոխանակման նոր ծրագիր է առաջարկել Հարավային Կորեայում
Samsung ընկերությունը Հարավային Կորեայում իր հաճախորդներին առաջարկել է պայթյունավտանգ Galaxy Note 7 սմարթֆոնները փոխանակել Galaxy 7 մոդելի սարքով՝ իրավունք ունենալով դրանք փոխանակել Galaxy S8-ով կամ Note 8-ով, որոնք թողարկվելու են 2017 թվականին: Այդ մասին ասված է ընկերության՝ հոկտեմբերի 24-ին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Galaxy Note 7-ի փոխանակումը կատարվելու է անվճար: Հետագայում Galaxy S8 կամ Note 8 ստանալու համար հարկավոր կլինի վճարել Galaxy 7-ի արժեքի կեսը:
Հոկտեմբերի 11-ին ընկերությունը հայտարարել էր Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը դադարեցնելու մասին, ինչը պայմանավորված էր մարտկոցների հետ կապված խնդիրներով, որոնք կարող են ինքնաբերաբար պայթել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA/YONHAP