«Քողարկված ծրագիր է, բայց իրագործելու համար պետք է կռիվ տալ, պետք է պայքար լինի». Ազատ Արշակյանը

168.am-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի  նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը

Պարոն Արշակյան, Ազգային ժողովը հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը։ Ի՞նչ կարող եք ասել ծրագրի մասին, որո՞նք էին ծրագրի հիմնական թիրախները։

– Կառավարության ծրագրի թիրախներն էին՝ բյուրոկրատիան, քրեաօլիգարխիկ համակարգը, չհարկվող բիզնեսը։ Պատկերացրեք՝ կառավարությունը ծրագիր է ներկայացնում և ասում է, որ պետք է կրճատվի բյուրոկրատիան, հարկավոր է հեռացնել քրեաօլիգարխիկ համակարգն ընդհանրապես տնտեսությունից, զրկել տնտեսվարման իրավունքից։ Ազգային ժողովում հենց նրանք են ներկայացված, իմ թվարկած եռյակի շահերը ներկայացնողները կամ հենց իրենք անձամբ, որ պետք է կոճակը սեղմեն։ Կարծում եմ՝  կառավարությունը քողարկել է իր ծրագիրը, իր թիրախը։ Այդ իմաստով, նույնիսկ մարդիկ, ովքեր պետք է ընդհանուր առմամբ ողջունեին կառավարության ծրագիրը, նրանք էլ մի տեսակ ձեռնպահ մնացին, չքվեարկեցին։ Նրանք, ովքեր չեն քվեարկել կամ դեմ են քվեարկել, համարում եմ, որ նրանք էլ են օգնել այդ եռյակին։ Հիմա կառավարությունը եթե իսկապես ուզում է մեր երկիրը ծանր վիճակից հանել, պետք  է այդ երեք թիրախների մասին խոսի և ասի՝ պայքարելու ենք դրա դեմ։

Ծրագրում գրված են անհրաժեշտ բոլոր գործողությունները, որ պետք է անի կառավարությունը երկրի տնտեսության վիճակը շտկելու համար, պրոֆեսիոնալ լեզվով էր գրված, որ  մենք գիտենք՝ ովքեր են խանգարողները։ Կարծում եմ՝ այդ խանգարողները նույնպես հասկացան, որ կառավարությունը չի համարձակվում անուն առ անուն ասել, թե ովքեր են խանգարում։ Կարծում եմ՝ կառավարության հաստատումից հետո, երբ կառավարությունը կստանա գործողությունների ազատության իրավունքը, այդ երեք թիրախներն էլ կխոցվեն, հակառակ դեպքում հաջորդ վարչապետը կգա-կասի՝ շատ ավելի վատ  ժառանգություն եմ ստանում, քան ստացել էր նախորդը։

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ընդդիմախոս պատգամավորներն ասում էին, որ բոլոր կառավարությունների ծրագրերն էլ շատ լավ են գրված եղել, բայց դրանք չեն իրագործվել, ինչո՞ւ եք հավատում, որ կառավարությանը թույլ կտան իրագործել այն բոլոր դրույթները, որոնք  ամրագրել են այս ծրագրում։

– Համաձայն չեմ, որ բոլոր կառավարություններն էլ լավ ծրագրեր են ներկայացնում, այդպես  չէ։ Եղել են, որ ակնհայտորեն քրեաօլիգարխիկ տարրեր են պաշտպանել, նրանք իրենց համար են գրել ու անցկացրել են, օրինակ, նախորդը, նախորդը հենց իրենց համար գրված ծրագիր էր, այնպես չէ, որ բոլորը լավ բաներ են գրում։ Այստեղ քողարկված ծրագիր է, բայց իրագործելու համար պետք է կռիվ տալ, պետք է պայքար լինի։ Արդյոք կառավարությունն ունի՞ հենարան, բազա, թիմակիցների և կողմնակիցների մի զանգված, որոնք կկանգնեն իր կողքին հենց կառավարության մեջ։

Տեսնում ենք, որ կառավարության կազմում վարչապետն ավելի շատ իր թիմակիցներին է նշանակել։

– Հիմա կյանքը ցույց կտա՝ իր թիմակիցները կծառայե՞ն իրենց ծրագրին, կռիվ կտա՞ն, կպայքարե՞ն բարեփոխումների համար, թե՞ կծառայեն հակառակորդին։ Թե ո՞վ է լինելու այդ հենարանը, ես դեռ չգիտեմ, չի երևում։

Ինչո՞ւ էր պետք իշխանություններին բերել մի վարչապետի, որը պետք է կռիվ տար իրենց դեմ, բարեփոխումներ աներ։

– Իշխանությունները միատարր չեն, այնպես չէ, որ իշխանությունը զավթված է հանցագործների կողմից, կան մարդիկ, որոնք ուզում են, որ երկիրը լավ լինի, որպեսզի իրենց բիզնեսը լավանա, գնողունակ հաճախորդ է նրանց պետք, նրանց պրոֆեսիոնալ աշխատողներ են պետք, իշխանությունում նման մարդիկ էլ կան, կան նաև հայրենասերներ, որոնք ուղղակի ուզում են, որ իրենց հայրենիքը լավ երկիր լինի։

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս