ԱՄՆ և Հայաստանը շարունակում են համագործակցությունը զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ԱՄՆ-ի կողմից անցկացված Սահմանագծային անվտանգության և կանխարգելման դասընթացի շնորհիվ Հայաստանի սահմանապահ զորքերն ավելի լավ են վերապատրաստված՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու համար: Տասնօրյա դասընթացի ծրագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև իրականացվող նախագծի ամենավերջին մասն է, որն ուղղված է մաքսանենգության դեմ Հայաստանի կարողությունների բարելավմանը:
Հայ-վրացական սահմանին ծառայող 27 հայ սահմանապահներ մասնակցեցին հոկտեմբերի 10-21-ը անցկացված սահմանային կանխարգելման կենսունակ ռազմավարության վերաբերյալ դասընթացին, որն ընդգծեց միջգերատեսչական համագործակցության անհրաժեշտությունը: Սահմանապահներին ներկայացվեցին նոր գործիքներ, որոնք կիրառվում են անվտանգությունն ապահովելու և սահմանների մշտադիտարկմանն օժանդակելու նպատակով: Դասընթացը հիմունքային հմտություններ է տալիս հետևման, գործողությունների կառավարման, անվտանգության և ապացույցների վերահսկման ոլորտում: Դասընթացը, որ մշակվել էր սահմանային անվտանգության փորձագետների կողմից, բաղկացած էր դասախոսություններից ու գործնական վարժանքներից և եզրափակվեց մաքսանենգության՝ ամբողջ ծավալով իրականացվող խափանման վարժանքներով:
Դասընթացն անցկացվեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ)՝ Վտանգների նվազեցման համագործակցային ծրագրի ներքո իրականացվող ԶՈԶ տարածման կանխարգելման ծրագրի շրջանակներում:
Դասընթացին մասնակցող տասնյակ սահմանապահներից 12-ը կընտրվեն լրացուցիչ դասընթացներին մասնակցելու համար, որպեսզի դառնան դասավանդողներ: Դա հնարավորություն կտա Հայաստանի ղեկավարությանը տեղայնացնել դասընթացները և ապահովել, որ բոլոր հայ սահմանապահները մասնակցեն դասընթացին, որն անհրաժեշտ է գործունեության հաջողության համար:
Երևանում ԱՄՆ դեսպանությունը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի սահմանապահ զորքերն ունեն ԶՈԶ տարածման վտանգի նվազեցմանն ուղղված համագործակցության երկար պատմություն: Սկսած 2011 թ.-ից ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը ՊՎՆԳ-ի Վտանգների նվազեցման համագործակցային ծրագրի շրջանակներում 21.3 մլն. դոլարի չափով աջակցություն է ցուցաբերել, որպեսզի Հայաստանի սահմանապահ զորքերին համապատասխան ձևով վերապատրաստի և ապահովի սարքավորումներով:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն