Բաժիններ՝

Իգնատի Առաքելյանը ծանոթ չէ ՀՀ առաջին նախագահի առաջարկներին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարեց, որ ծանոթ չէ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված առաջարկներին, մասնավորապես` արտաբյուջեներից հրաժարվելու մասին: Ըստ նրա` նախարարությունը պատրաստ չէ հրաժարվել իր արտաբյուջեներից:

«Ես մտածում եմ, որ պետք է արտաբյուջե, որպեսզի հնարավոր լինի որոշ ծրագրեր զարգացնել, մանավանդ՝ մենք ունենք գիտական ինստիտուտներ, որտեղ առանց արտաբյուջե հնարավոր չէ գիտություն զարգացնել:  Դրա համար համարում եմ, որ պետք է»,- ասաց նա:

Անդրադառնալով կառավարության ծրագրին` Ի. Առաքելյանը նշեց, որ պետք է տեղավորվեն այսօրվա հաստատված բյուջեի գումարների սահմաններում, քանի որ ոլորտին ավելի գումար չի տրամադրվել. «Դրա համար պետք է որոշենք, թե որ մեխանիզմներն ընտրենք սուբսիդավորման, որ տարբեր ճյուղերով գնանք և կարողանանք և՛ անասնաբուծությունը, և՛ սերմնաբուծությունը, և՛ պարարտացումն ապահովենք: Բայց դա դեռ հիմա տեսլական է, որ պետք է քննարկենք, բաշխում անենք բյուջեում»:

Նախարարն իր ղեկավարած ոլորտում ցուցանիշների ուռճացվածություն չի տեսել: Նա հայտարարեց, որ իրեն հիմնավորումներ են պետք, և այժմ ուսումնասիրություն է իրականացվում:

Կարդացեք նաև

«Ես նախընտրում եմ նայել առաջ, քան ետ: Կարող եմ ասել, որ այսօր խաղողի մթերումը  50%-ով պակաս է լինելու, բայց չեմ կարող ասել ուռճացվածության մասին: Դա պետք է ասեն համապատասխան մարմինները, որոնք ներկայացնում են այդ տվյալները: Ես  տեսնում եմ իրականությունը և նայում եմ առաջ, թե ինչ է պետք փոխել, զարգացնել: Հետ նայելով՝ առաջ չեն գնում»,- ասաց Ի. Առաքելյանը:

Ի դեպ, լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է՝ նախարարն օրերից մի օր հեծանվով գնա աշխատանքի, նա պատասխանեց,  որ չի պատրաստվում դա անել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս