«Եթե որոշները մտածում են, որ պետք է գնան նման դիմումներով սևացնեն ապագա ընտրությունները, չեմ կարծում, որ ճիշտ է». Հովհաննես Սահակյան
«Ես կդժվարանամ հիշել որևէ այլ նախագիծը, որը հրապարակային, ուղիղ եթերում քննարկվել է. այս նախագիծն ուղիղ արտացոլում է այն համաձայնության տեքստը, որի շուրջ եկել են ԱԺ 5 խմբակցությունները»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
Նա նշեց, որ խնդիրը վերաբերում է ստորագրված ցուցակների հրապարակմանը. «Այս նախաձեռնությամբ հնարավորություն է ընձեռվում, որպեսզի ստորագրված ցուցակները հրապարակվեն, կարողանան այդ ցուցակների հետ շահագրգիռ քաղաքական անձերը կատարեն աշխատանքներ, ստուգեն, հասկանան։ Հաջորդը՝ տեսախցիկների տեղադրմանն է վերաբերում»։
Հ. Սահակյանի խոսքով՝ այլևս մեկը մյուսի փոխարեն քվեարկելը, մի քանի անգամ քվեարկելը, կեղծ տվյալներ ներկայացնելն արդեն իսկ նախատեսում է ազատազրկում՝ իր համապատասխան հետևանքներով. «Այտեղ գրված չէ, որ որևէ տեղեկատվություն, որն իր մեջ կպարունակի ճշմարտություն, այդ անձին պետք է ազատազրկման դատապարտեն։ Այստեղ գրված է՝ այն արկածախնդիրները, որոնք կցանկանան ընդամենը թուղթ սևացնելու համար դիմել այս կամ այն մարմիններին, կարծում եմ, նաև պետք է այստեղ քայլերը լինեն համարժեք, որովհետև այստեղ գործ ունենք ընտրական գործընթացների հետ։ Եթե որոշները մտածում են, որ պետք է գնան նման դիմումներով սևացնեն ապագա սպասվելիք ընտրությունները, ինչի համար մենք ամեն ինչ արել ենք, որ լինի վստահության մթնոլորտում, չեմ կարծում, որ ճիշտ է»։