«Նյույորքյան համաժողովը ՀՀ իշխանությունների՝ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու որոշման արդյունքներից մեկն է». Ստյոպա Սաֆարյան

Այսօր ավարտվում է ՀՀ նախագահի հովանավորությամբ Նյու Յորքում ընթացող ներդրումային համաժողովը: Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայացած «Հայաստան ներդրումային համաժողով» միջոցառմանը ելույթ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ: Ավելի վաղ Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչեանը նշել էր, որ Հայաստանի տնտեսության մեջ արտերկրյա ներդրումների չափը զգալիորեն նվազել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Եվրամիության հետ տնտեսական համագործակցության խորացման փոխարեն՝ նախընտրեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։ Ուստի այս համաժողովը, ըստ հայկական կողմի կազմակերպիչների՝ պետք է գոնե վերականգնի կորցրած ներդրումների ծավալները։ Համաժողովին հայկական կողմը ներկայացրել է ներդրումային 8 ուղղություն, որտեղ ամերիկացի ներդրողները կարող են աշխատել։ Բացի իր տնտեսական կարևորությունից, ուշագրավ է համաժողովի քաղաքական բաղադրիչը և հատկապես այն փաստը, որ ԵՏՄ անդամ Հայաստանն առևտրատնտեսական հարաբերություններ է փորձում խորացնել ԱՄՆ-ի հետ։ Համաժողովի քաղաքական նշանակության և հետագա ազդեցության մասին 168.am-ը զրուցել է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ:

Պարոն Սաֆարյան, Նյու Յորքում տեղի ունեցող ներդրումային համաժողովը հայ-ամերիկյան և Հայաստան-Արևմուտք հարաբերությունների կոնտեքստում բավականին կարևոր իրադարձություն է։ Ի՞նչ քաղաքական նշանակություն այն ունի։

– Ինձ թվում է, որ ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված մի կարևոր իրադարձություն արդեն ցույց է տալիս այն վերաբերմունքը, որն ունի ԱՄՆ-ը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում։ Թերևս, դա նշանակում էր հետևյալը՝ եթե անգամ ԱՄՆ-ը ուրախ չէ Հայաստանի իշխանությունների կայացրած այդ որոշումից, այնուամենայնիվ չի դադարեցնելու իր համագործակցությունը Հայաստանի հետ: Խոսքը վերաբերում է Առևտրի և ներդրումների ԱՄՆ-ՀՀ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, որին հաջորդեց Որոտանի ՀԷԿ-ի խոշոր ներդրումը՝ թերևս, միակ խոշոր արտաքին ներդրումն այդ տարվա ընթացքում։ Իսկ այս համաժողովով ԱՄՆ-ը արդեն երկրորդ ազդանշանն է ուղարկում այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել ՀՀ-ին՝ դիվերսիֆիկացնելու և աշխուժացնելու իր տնտեսությունը, որը խորն անկում է գրանցել ԵՏՄ անդամակցության հետևանքով՝ ոչ միայն՝ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման, այլև՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում, որի պատճառով փաստացի երկրի գրավչությունն օտարերկրյա ներդրումների համար նվազել է։

Իհարկե, սա մեծ իրադարձություն է ՀՀ արտաքին քաղաքականության համար։ Արդյունքների մասին դեռ հնարավորություն կունենանք խոսել, երբ համաժողովում կայացվեն որոշումներ։ Ակնհայտ է, որ, ցավոք սրտի, Հայաստանը շարունակում է անհրապուրիչ մնալ օտարերկրյա ներդրումների համար, և դրա պատճառը միմիայն փոքր շուկան չէ, դրա հիմնական խոչընդոտները մնում են երկրի ներսում լավ կառավարման հետ կապված խնդիրները, կոռուպցիան, ինչի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քանիցս անկեղծորեն հիշատակել է և նշել, որ, եթե ՀՀ-ն ուզում է ունենալ օտարերկրյա ներդրումներ և առաջին հերթին՝ ԱՄՆ-ից, ապա այս խնդիրները պետք է լուծվեն, մի բան, որը, ցավոք սրտի, չլուծվեց անցած տարիների ընթացքում։ Այդ գրավչության անկմանը նպաստում է նաև այն, որ ՀՀ-ն երկարաժամկետ կտրվածքով հույսեր չի ներշնչում օտարերկրյա ներդրողներին, որովհետև Արևմուտքի հետ նրա հարաբերությունները չափազանց փխրուն են և անորոշ՝ ԵՏՄ անդամակցության հետևանքով։ Երկրի միջազգային հանձնառությունները երկարաժամկետ կտրվածքով շատ կարևոր են՝ ներդրողներին հավատ ներշնչելու տեսանկյունից։

Վրաստանում ներդրումները շարունակվում են, քանի որ ներդրողները գիտեն և տեսնում են, որ այդ երկիրը երկարաժամկետ կտրվածքով թևակոխել է և ներքին բարեփոխումների, և նաև արտաքին քաղաքական կուրսի առումով՝ եվրաատլանտյան ինտեգրման ուղի։ Ներդրողներն առանձնապես մեծ անորոշություններ և վախեր չեն ապրում այդ երկրի ապագայից։

Հայաստանի պարագայում չկան նման հավաստիացումներ. ՀՀ-ԵՄ հարաբերությունները մնում են օդից կախված, անորոշության մեջ, նոր պայմանագիրը տակավին ստորագրված չէ, որքան էլ՝ երեք տարի է անցել Ասոցացման համաձայնագրի ստորագրման ձախողումից, սրան էլ գումարած՝ ներքին վիճակի կայունացումը, նաև՝ կոռուպցիոն համակարգի վերացումը, բարեփոխումները համոզիչ չեն ներդրողների համար: Հետևաբար՝ գնահատելի է, որ ազդանշանների մակարդակով այս վեհաժողովը պահպանում է ուղերձները՝ հայ-ամերիկյան հարաբերությունները տնտեսական ոլորտում խորացնելու առումով։ Բայց այն շարունակում է մնալ ռիսկային այս չլուծված խնդիրների պատճառով։ Եվ եթե ՀՀ իշխանությունները ցանկանում են լուրջ ներդրումների հոսք տեսնել, պետք է ստորագրեն Ասոցացման համաձայնագիրը, որն արևմտյան ներդրողների մոտ երկարաժամկետ հույսեր կարթնացնի երկրի ապագայի նկատմամբ, որ դրանք չեն կարող մեկ գիշերվա ընթացքում կորել։ Երկրորդը՝ լուծում տալ արդյունավետ կառավարման խնդրին ու կոռուպցիայի դեմ պայքարին։

Տպավորություն կա, որ, այնուամենայնիվ, նաև ՀՀ իշխանությունների կողմից կա ցանկություն՝ դիվերսիֆիկացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Որքանո՞վ նման քայլերը կնպաստեն հեռանկարում ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային։

– Վերջին տարիների ընթացքում նկատելի է, որ ՀՀ իշխանությունը հասկանում է Ռուսաստանից միակողմանի կախվածության ծանր հետևանքները՝ քաղաքական և տնտեսական առումներով։ Թերևս, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս, նկատի ունեմ ապրիլյան պատերազմը, չափազանց մեծ դաս պետք է լինի ցանկացած իշխանության համար։ Սա նշանակում էր՝ միջազգային հարաբերությունների համակարգում Հայաստանի դերի վերասահմանում և քաղաքականությունների փոփոխություն, խախտված հավասարակշռությունների վերացում։ Սա նշանակում էր՝ Հայաստանի տնտեսական քաղաքականությունների դիվերսիֆիկացում՝ օգտագործելով Իրանի բացած հնարավորությունները, ինչպես նաև՝ արևմտյան աշխարհի հետ հարաբերությունները վերասահմանելու անհրաժեշտություն։ Հայ հասարակության համար երբևիցե արդարացում չի լինելու այն թեզը, թե մեր երկրի վիճակը վատ է, քանի որ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է։

ՌԴ-ն պատժամիջոցների տակ է, իշխանությունները պետք է բարի լինեն և հարաբերություններ հաստատեն այն երկրների հետ, որոնք պատժամիջոցների տակ չեն, որի արդյունքում՝ Հայաստանը դուրս կգա տնտեսական կախվածությունից, որպեսզի որևէ երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցները նման ճակատագրական և կատաստրոֆիկ ազդեցություն չունենան երկրի տնտեսության վրա։ Վերջապես հիշենք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին շրջանի հայտարարությունները, որտեղ բացահայտ ասվում է, որ պատրաստ են օգնել Հայաստանին՝ դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը։ Գնդակը Հայաստանի դաշտում է, և Երևանն է, որ պետք է նման արդարացված որոշումներ կայացնի։

Ուստի կարծում եմ, որ նյույորքյան համաժողովն այդ որոշման արդյունքներից մեկն է։ Որքանով ՀՀ իշխանությունները հետևողական կլինեն այս ամենը քաղաքականության վերածելու հարցում, կարծում եմ, մենք կտեսնենք ժամանակի ընթացքում։ Բայց մեկ բան ակնհայտ է, որ նրանք էլ արդեն հասկանում են, որ երկրի ներքին ռեսուրսները բացարձակապես բավարար չեն երկրի ներքին կայունությունը պահպանելու և անվտանգությունն ամրապնդելու համար, և դրա համար պակասում են շատ լուրջ արտաքին ռեսուրսներ։

Որքա՞ն հեռուն կթույլատրվի ՀՀ իշխանություններին գնալ այս որոշման հարցում։

– Բնականաբար, մի կողմից՝ Ռուսաստանին չի կարող դուր գալ Հայաստանի ազատությունը, որ նա իրացնում է ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Բայց մյուս կողմից՝ Ռուսաստանն ի զորու չէ ոչ միայն՝ պահել իրեն, այլև պահել իր բարեկամ երկրներին՝ տնտեսական և այլ առումներով։ Երբ 3 տարի առաջ Պուտինը, ի տարբերություն աշխարհում դիտվող միտումների, հպարտանում էր ԵՏՄ-ում տնտեսական աճի տեմպերով, այժմ հպարտության նման առարկա չունի։

Որքան էլ անցած օգոստոս ամսին Պուտինը Մոսկվայում կեղծեց թվերը և հայտարարեց, թե Հայաստանն օգուտներ է ստանում ԵՏՄ-ից, դրանից իրականությունը չի փոխվում, առավել ևս, երբ այդ իրականությունն իր մաշկի վրա զգում է սովորական շարքային հայաստանցին։ Այս կտրվածքով որքան էլ դա դուր չգա Ռուսաստանին՝ ՌԴ-ն Հայաստանը պահելու ռեսուրս չունի, Ռուսաստանն անգամ իրեն այս պատժամիջոցներից պահելու ռեսուրսը չունի, ուր մնաց՝ այդպիսի ռեսուրսներ ունենա՝ Հայաստանի, և, առավել ևս, ցանկություն՝ Հայաստանի համար։ Ուզեն թե չուզեն, պետք է ընդունեն սա՝ որպես անխուսափելի փաստ, և Հայաստանն ինքը պետք է շատ համոզիչ կերպով բացատրի Ռուսաստանին իր քաղաքականությունը, հատկապես, երբ երբևիցե Հայաստանը պաշտոնապես չի ասել, որ իր հարաբերությունները կառուցում է՝ ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների կամ ընդդեմ Ռուսաստանի։ Հետևաբար՝ այդ հիստերիան, եթե անգամ հաջորդի, միևնույն է, այն որևէ ազդեցություն չպետք է ունենա։

Տեսանյութեր

Լրահոս