«2798 տարի անց էլ բիբլիական Արարատի փեշերին դու փռել ես թևերդ՝ որպես դարեր գնացող հզոր արծիվ»
Ազնվամեծա՛ր երևանցիներ,
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից մեր սրտաբուխ ողջույնն ենք հղում քեզ՝ Երևան, որ հաղթահարելով հազարամյակների դիմադրությունը՝ այսօր կանգնել ես հպարտ ու գեղեցիկ՝ որպես աշխարհի չարության դեմ ուղղված խաղաղության դրոշ, որպես հայոց ազգի մայրաքաղաք, որը փյունիկի պես վեր հառնեց կանխամտածված հայաոչնչացումից և իր վարդագույն երազանքները սփռեց իր տաղանդավոր ու հայրենապաշտ սերնդի առաջ: 2798 տարի անց էլ բիբլիական Արարատի փեշերին դու փռել ես թևերդ՝ որպես դարեր գնացող հզոր արծիվ, որպես հայության ազգահավաք ոգի ու ազգի զորավոր վահան: Մենք հպարտ ենք քո հաղթական փառքով, քո հարյուրավոր գիտական օջախներով, մշակութային կոթողներով, լայն ու ընդարձակ փողոցներով և ամենակարևորը՝ այն սերնդով, որ քո ներկայի ուժն է ու գալիքի անսասան ոգին:
Ծաղկի՛ր Երևան, տարածի՛ր բարեբեր շունչդ աշխարհով մեկ սփռված հայության համար՝ որպես ազգահավաքականության մեծ սպեղանի:
Մե՛նք սիրում ենք քեզ և հպա՛րտ ենք քեզանով՝ 2798 տարեկան մեր շքեղ Երևան…
Հայոց մայրաքաղաքի 2798-ամյակի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելով բոլոր քաղաքապետներին՝ առանձնակի ողջունում և շնորհավորում եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ քաղաքի նկատմամբ ունեցած իր սրտացավության, որդիական վերաբերմունքի և պատասխանատվության համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Ասրյան