Վրաստանի նախագահը կոչ է արել ընտրողներին ակտիվություն ցուցաբերել խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլում
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր կոչ է արել ընտրողներին ակտիվություն ցուցաբերել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հնարավոր երկրորդ փուլի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
Շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններն անցկացվել են խառը ընտրակարգով՝ 77 մարդ ընտրվելու է կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով), 73 պատգամավոր՝ միամանդատային շրջաններից (մեծամասնական համակարգով):
«Կուսակցական» տեղերին հավակնում էր 19 կուսակցություն և 6 ընտրական դաշինք:
Նրանց անհրաժեշտ էր ստանալ ընտրողների նվազագույնը 5% ձայները խորհրդարանում հայտնվելու համար:
Մեծամասնական թեկնածուներին անհրաժեշտ էր հավաքել ձայների 50%-ը՝ գումարած 1 ձայն:
«Ընտրությունները գնահատվելու են նրանով, թե ինչպես է անցել քվեարկությունը հոկտեմբերի 8-ին, թե ինչպես ենք մենք արձագանքել դեպքերին և այն բանին, թե ինչպես կմոտենանք երկրորդ փուլին (մեծամասնական շրջաններում): Դատելով նախնական տեղեկություններից՝ կնշանակվի երկրորդ փուլ, այնպես որ խնդրում եմ ցուցաբերել այնպիսի ակտիվություն, ինչպես հոկտեմբերի 8-ին»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահը նշել է, որ ընդհանուր առմամբ խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ միջավայրում և կոչ է արել իրավապահներին հետաքննել ընտրատեղամասերում տեղի ունեցած դեպքերը:
Ավելի վաղ Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան հայտարարել էր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորության մասին բազմաթիվ միամանդատային շրջաններում:
Ձայների 65,61%-ի հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ընտրողների ձայների 50 տոկոսից մի քիչ պակաս, իսկ նախկին նախագահի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը»՝ 26,7 տոկոս ձայն:
Մյուս կուսակցությունները, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի կուսակցությունը, չեն հաղթահարում հինգ տոկոսի շեմը: