Բաժիններ՝

«Երևանի դեմքը մի քիչ խառն է, ցավոք». Կարինե Դանիելյան

«Պատմական քաղաքի մթնոլորտը մենք կորցրեցինք»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Երևան քաղաքի ծննդյան 2798-ամյակի մասին, ասաց Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։

Նա գոհունակություն հայտնեց, որ Երևանը շատ ծաղկազարդ է, իսկ մեր բնակլիմայական պայմաններում «հեշտ չէ այդքան ծաղիկներ այդքան գեղեցիկ ցանել»: Նրա խոսքով՝ դա քաղաքին շատ գեղեցիկ տեսք է տալիս։ Մյուս կողմից էլ՝ Կ. Դանիելյանը նկատեց, որ պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված ունենք խնդիրներ։

«Ես անընդհատ դրա մասին խոսել եմ, և երբ Հանրային խորհուրդը նախագահի հետ էր հանդիպում, դրա մասին խոսել եմ, բայց հրավիրվել էր Նարեկ Սարգսյանը, որն ինձ համոզում էր, որ ամեն ինչ լավ է քաղաքում, և երևի այլմոլորակայինները գալիս քանդում են, իսկ իրենք օր ու գիշեր պահպանում են, պաշտպանում են, և այլն։ Իհարկե, Երևանը զարմանալի  ճանապարհ անցավ այդ առումով, սովետական տարիներին ավելի շատ պատմամշակութային ժառանգությունը  պաշտպանեցինք, քան անկախության տարիներին։ Կարծես այդ մոլուցքը՝ «քանդեմ և իմ շենքը սարքեմ», մի զարմանալի զարդ ստացավ։ Այդ պատմական քաղաքի մթնոլորտը մենք կորցրեցինք, մենք դեռ հիշում ենք ինչ-որ տեսարաններ, իսկ նոր սերունդը դա չի էլ տեսել։ Հիմա, ճիշտ է, այդ ծրագիրը կա՝ «Հին Երևանը» վերականգնել առանձին մասով, ես գիտեմ, որ ճարտարապետների մեծ մասը չեն ընդունում դա, բայց ես գտնում եմ, որ դա չարյաց փոքրագույնն է, գոնե մի կտոր հին Երևանից կունենանք»,- նշեց բնապահպանը։

Հարցին, թե՝ Քաղաքաշինության նախարարությունը կոմիտեի վերածելու հանգամանքը որքանո՞վ էր ճիշտ, և ի՞նչ կփոխի դա, Կ. Դանիելյանը դժվարացավ պատասխանել, քանի որ չգիտի՝ կոմիտեի ֆունկցիաներն ինչպիսին կլինեն, ով կլինի կոմիտեի ղեկավարը. «Բայց քաղաքաշինության ամբողջ քաղաքականությունը Հայաստանում մշակվում էր նախարարության կողմից։ Հիմա ինչպես կլինի, ես դեռ դժվարանում եմ ասել։ Ամենալավ քաղաքականությունն արտացոլող նյութերը տվել է Քաղաքաշինության նախարարությունը։ Այսինքն՝ իրենք ամեն ինչ լավ գիտեին՝ ինչպես պետք է լինի, բայց, ցավոք, ինչպես եղել  է, օրինակ, Երևանում, եղել է լրիվ հակառակը»։

Կարդացեք նաև

«Իսկ ո՞րն է եղել պատճառը, որ Քաղաքաշինության նախարարությունն ամենալավը տիրապետելով այդ ամենին՝ հակառակ գործողություններ է արել» հարցին Կ. Դանիելյանը պատասխանեց, թե եղել է շահերի բախում. «Եթե օլիգարխն ասում է՝ «Ես Օպերայի գլխին ուզում եմ ռեստորան ունենալ», վերջ, էլ չենք նայում՝ գլխավոր հատակագիծ, գոտիավորում, չգիտեմ ինչ, կամ՝ «Ուզում եմ՝ Աֆրիկյանների շենքի տեղը բարձրահարկ շենք լինի, ես այդտեղ փող սարքեմ», վերջ, դրանով հարցը փակվում է, բոլոր մշակված փաստաթղթերը մի կողմ են դրվում։ Նույնիսկ կառավարության որոշում կար, որ Հյուսիսային պողոտան Օպերայից բարձր չպետք է լինի, բայց ամեն սեփականատեր որոշեց մի քանի հարկ էլ բարձրացնի, որ ավելի շատ փող վաստակի»։

Հարցին, թե Երևանը դեմք ունի՞ այսօր, բնապահպանն այսպես պատասխանեց. «Դեմքը մի քիչ խառն է, ցավոք։ Այսինքն՝ հին Երևանը գրեթե կորցրել ենք, բայց դարձյալ այդ Երևանի մեջ առանձին-առանձին ակցենտներ կան։ Լրիվ ասել, որ դեմք չունի, սխալ է, եթե, իհարկե, էլի չքանդեն։ Միգուցե՝ նոր կառավարություն, նոր մոտեցումներ, միգուցե համակարգը փոխվի»։

Ինչ վերաբերում է կառավարության փոփոխությանը, և, թե արդյո՞ք հույսեր ներշնչում է իշխանությունների այդ քայլը, Կ. Դանիելյանն այսպես արձագանքեց. «Տեսնենք, ժամանակը  ցույց կտա, բայց ասեմ, որ քաղաքապետարանն ինչ կարողանում է անել՝ անում է, ուղղակի շատ հարցերում իրենց իրավասությունները շատ սահմանափակ են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս