Yahoo-ն գաղտնի սքանավորել է իր օգտատերերի նամակագրությունը. Reuters
Yahoo ինտերնետ-ընկերությունը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պահանջով գաղտնի սքանավորում էր իր օգտատերերի նամակագրությունը: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ինչպես պնդում է գործակալությունը, Yahoo-ն, գաղտնի հրահանգն ստանալուց հետո, ծրագիր է ստեղծել իր փոստային ծառայության բոլոր օգտատերերի նամակների վերլուծության համար: Ծրագիրն ստացվող բոլոր հաղորդագրություններն ստուգում էր սիմվոլների որոշակի զուգորդման առկայության առումով:
Օգտարերերի գրագրությունն ստուգելու պահանջն ստացվել է կամ Ազգային անվտանգության գործակալությունից, կամ Հետաքննությունների դաշնային բյուրոյից, գրում է Reuters-ը՝ հղում անելով երեք աղբյուրի, որոնցից երկուսը Yahoo-ի նախկին աշխատակիցներ են: Reuters-ին չի հաջողվել պարզել՝ մյուս ինտերնետ-ընկերություններն ստացել են արդյոք համանման հարցումներ:
«Yahoo-ն օրինապահ ընկերություն է եւ կատարում է Միացյալ Նահանգների օրենքները»,-ասված է BBC-ի համար ինտերնետ հսկայի արած հայտարարության մեջ: