«Գրոհ է ձեռնարկվում, որպեսզի երթը դադարեցնեն, և նետվում է 52 նռնակ՝ ձայնային և գազային». Հովիկ Արսենյան

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կքննի Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Անդրիաս Ղուկայանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Նա նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքն աբսուրդ է, նա անազատության մեջ է պահվում՝ որպես քաղբանտարկյալ։ Մեղադրանքի հիմքում ոստիկանների ցուցմունքներն են, որոնք արժանահավատ չեն։ Պաշտպանի խոսքով՝ քննչական մարմնին արդեն իսկ ներկայացվել են լրագրողների, հավաքի մասնակիցների բացատրությունները, որոնք փաստաբանական հարցման ենթարկելիս նշել էին, թե ինչպես են Անդրիաս Ղուկասյանը և մյուս տղաները կանխել սադրիչ գործողությունները, որ իրականում բախում չի եղել, մինչ ոստիկանները հարձակվել են մասնակիցների վրա։

Նույն քրեական գործի շրջանակներում անազատության մեջ է գտնվում նաև «Ոտքի, Հայաստա՛ն» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը։ Նրա պաշտպան Հովիկ Արսենյանը խոսելով հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ ասաց, որ իր կարծիքով՝ տեղի է ունեցել ոստիկանական ուժերի ծրագրավորած լուծումը՝ երթը հարկադիր դադարեցնելու համար. «Արդյունքում գրոհ է ձեռնարկվում, որպեսզի երթը դադարեցնեն, և նետվում է 52 նռնակ՝ ձայնային և գազային։ Տուժում են բազմաթիվ անձինք՝ 60-90 անձինք, վնաս է պատճառվել շրջակա անշարժ գույքին»։

Ըստ փաստաբանի՝ Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ։ Հովիկ Արսենյանի խոսքով՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում էլ քննություն է կատարվում Ոստիկանության կողմից ոչ իրավաչափ գործողություններ կատարելու հետ կապված, մոտ 8 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել։ Քննվող քրեական գործի շրջանակներում Դավիթ Հովհաննիսյանը տուժողի կարգավիճակում է, քանի որ Խորենացի փողոցում երթին մասնակցելիս վնասվածքներ է ստացել, երկու ամիս առաջ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն մինչ օրս փորձաքննություն չի իրականացվել։ «Փորձել են ձևական իրավական կողմն ապահովել»,- ասաց Հովիկ Արսենյանը։

Փաստաբանն ասաց, որ քննչական խմբի ղեկավարին հարցրել է, թե երբ են քարերը նետվել։ «Ընդունենք, թե Արսենյան Հովիկն էլ է այնտեղ եղել և քարեր նետել այդ ուղղությամբ։ Այդ քարերը Արսենյան Հովիկը ո՞ր պահին է նետել՝ ոստիկանների գրոհելո՞ւ պահին, թե՞ գրոհելուց առաջ։ Պատասխանը մեկն է՝ նախաքննություն է ընթանում, դեռ չենք պարզել։ Եթե մենք գտնում ենք, որ Ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողություններ է կատարել, ահավասիկ՝ քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվում, ես իրավունք ունե՞մ պաշտպանվելու։ Ըստ էության՝ ոտնձգություն է կատարվում քաղաքացու նկատմամբ։ Ընդունենք՝ քար եմ վերցրել, քար եմ շպրտել, ուսադիր եմ պոկել, և այլն, դարձավ որ ես զանգվածային անկարգության մասնակի՞ց եմ։ Եթե կբերեն փաստեր, ապացույցներ, որ գրոհից առաջ է եղել, այն ժամանակ թող ներկայացնեն, որովհետև միայն ոստիկանների ցուցմունքներն այլևս անարժանահավատ են»,- ասաց Հովիկ Արսենյանը։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ երկու ոստիկան է ցուցմունք տվել։ Փաստաբանն ընդգծեց, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապված Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել, որում նշել է, որ միայն մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա չի կարելի քրեական հետապնդում իրականացնել, առավել ևս՝ անձին կալանքի տակ պահել։ «Մեր Ոստիկանությունը դրանից ոնց որ օգտվել է, երկու ոստիկանի ցուցմունք են դարձրել»,- ասաց Հովիկ Արսենյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչու նույն գործի շրջանակներում մեղադրվող «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի խափանման միջոցը փոխվեց, իսկ մյուսներինը՝ ոչ, Հովիկ Արսենյանը կարծիք հայտնեց, որ դատավորներին հանձնարարություն է տրված, որը նրանք կատարում են, ըստ էության, «Ժառանգություն» կուսակցության անդամներին ազատ արձակելը միջազգային ճնշման հետևանք է եղել՝ չնայած նրանց ազատ արձակելն օբյեկտիվ է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս