Կարեն Կարապետյանը կարող է դառնալ ՀՀԿ անդամ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմակից անկուսակցական նախարարների հետ միասին նոյեմբերի 26-ի սպասվող ՀՀԿ համագումարի ժամանակ կմտնի Հանրապետական կուսակցություն:

«ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել կուսակցության ղեկավար կազմում եւ կդառնա փոխնախագահ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վարչապետը չի շտապում ՀՀԿ-անալ, բայց այդ սպասումները նրանից ունի ՀՀԿ վերնախավը:

Եվ եթե նա այս տարի չմտնի կուսակցություն, ապա մինչեւ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները անպայման մտնելու է:

Երեկ մենք փորձեցինք ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից պարզել, թե Կարեն Կարապետյանին կուսակցությանն անդամակցելու առաջարկ եղե՞լ է:

«Դա պարոն Կարապետյանի եւ կուսակցության քննարկելու հարցն է: Մինչեւ նոյեմբերի 26-ը ժամանակ կա, դանդաղ շտապեք, այդ օրը կգա, եւ եթե մտնի, մի զարմացեք, եթե չմտնի, էլի մի զարմացեք: Անկախ այն հանգամանքից՝ նա կուսակցական է, թե՝ ոչ, մեր քաղաքական թիմի անդամ է»,- պատասխանեց Շարմազանովը»,- մասնավորապես, գրում է թերթը:

Տեսանյութեր

Լրահոս